/// Դաշնակցության փոքրիկ խորամանկությունները

Դաշնակցության փոքրիկ խորամանկությունները

Այն, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ի տխրություն անխտիր բոլոր կուսակցությունների, ժողովրդի մոտ կատարյալ հիասթափվածություն է առկա «քաղաքականություն» կոչվածից, կարող է հաստատել ցանկացած մեկն, ով գոնե մի փոքր տեղյակ է հասարակության շրջանում տիրող տրամադրություններից. տոտալ հիասթափություն է բոլոր կուսակցություններից`անկախ այն հանգամանքից, թե այս կամ այն հարցումն ինչ արդյունքներ է ցույց տալիս: Ասվածը, սակայն, ավելի շատ բնորոշ է իշխանական կուսակցություններին` ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին, որոնցից հատկապես վերջինի վարկանիշն ուղղակի զրոյական է: Ճիշտ է` հանուն արդարության պարտավոր ենք ասել` երբևիցե այս կուսակցությունը չի պարծեցել իր լայն ժողովրդականությամբ, բայց այն, ինչ հիմա է տեղի ունենում, ուղղակի աննկարագրելի է. ՀՅԴ հայտնվելն ապագա խորհրդարանում մեծագույն հարցականի տակ է:
Սովորաբար, ընդունված է կարծել, թե Հայաստանին վերջին տարիներին պատուհասած աղետների բացարձակ մեծամանության հետևում կանգնած է Հանրապետական կուսակցությունը. հատկապես ժողովուրդն իր ծանր սոցիալ-տնտեսկան վիճակի, երկրում վխտացող անարդարության մեջ ամենից շատ հենց գերիշխող քաղաքական ուժին է մեղադրում` շատ դեպքերում Հանրապետականին համարելով կատարյալ պատուհաս` Հայստանի գլխին: Իհարկե, վերջին պնդման հետ համաձայնվելու կամ չհամաձայնվելու իրավունքը, պետք է նկատել, յուրաքանրչյուրի սեփականությունն է, ու միգուցե կգտնվեն մարդիկ, ովքեր չեն կիսի այս ծայրահեղ տեսակետը, բայց այն, որ զուտ օբյեկտիվորեն, և այդ մասին իրենք` հանրապետականներն էլ են բազմիցս խոսել, պատասխանատվության առյուծի բաժինը հենց ՀՀԿ-ինն է, անհերքելի է:
Փաստը մնում է փաստ, սակայն, որ Դաշնակցությունը նույն այդ ՀՀԿ-ից իրականում շատ քիչ բանով է տարբերվում. երկուսի ձգտումներն էլ հիմնականում նույնն են եղել միշտ, ինչպես և մյուս բոլոր կուսակցություններինն`ի դեպ: Բայց այստեղ ՀՅԴ-ի հարցն այնքանով է լուրջ, որ եթե Հանրապետականը կարող է իրեն նմանօրինակ շքեղություններ թույլ տալ ու փողի ուժով հարկ եղած դեպքում վերարտադրվել, ապա նրա փոքր եղբայրն այդ պոտենցյալն օբյեկտիվորեն չունի. այդքան փող չունի, մարդ չունի, ոչ մի ռեսուրս չունի: Հետևաբար` վերատրադրվելու համար ստիպված է լինում հաճախ «վիզ ծռել» ՀՀԿ-ին` մի թույլ ժպիտի արժանանալու համար:
«Վանաձորի բաղնիքային տնտեսություն» ՓԲԸ տնօրեն, ՀՅԴ ավագանու անդամ, անկուսակցական Սեյրան Աղաբեկյանը, մականունը՝ Կալաբ, պարզվում է, գլխավորում է ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի շտաբներից մեկը, որ Ցալկուտ թաղամասում է գտնվում: Իհարկե, սույն դեպքն ընդամենը բազումներից մեկն է, բայց այն թե ինչ կարող են նմանատիպ բաները նշանակել, առավել քան ակնհայտ է. այսպիսի բաներով, ըստ էության, փորձում են ՀՀԿ-ին ցույց տալ, թե ջոկողություն չեն դնում իրենց ու ընկերների միջև և այդպիսով ստեղծում մի մթնոլորտ, երբ ՀՀԿ-ն էլ ուզած- չուզած պարտավորվում է իր «փայ» լավությունն անել փոքրերին.դատելով լուրերից` լավ էլ անում է`փորձելով ՀՅԴ-ին էլ իր հետ մտցնել խորհրդարան:
Հարց` այս ամենից շարքային ընտրողը որքանո՞վ է, ընդհանրապես, շահում, կամ հասարակ քաղաքացիներին ի՞նչ այս ամենից: Դե իհարկե ոչինչ: Այստեղ ընդամենը վերատրադրության հարց են փորձում իրար մեջ լուծել,ու ոչ ոք ժողովրդի դարդին չի մնացել.ընտրություններ են,էլի, կուգան ու կերթան…

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-08T21:51:23+00:00 Մարտի 8 21:51|Վերլուծություն|Մեկնաբանությունները կասեցված են Դաշնակցության փոքրիկ խորամանկությունները-ում
//
//