fbpx
/// Բանկերը թալանում են սփյուռքահայերին …

Բանկերը թալանում են սփյուռքահայերին …

Հայաստան-սփյուռք կապերի կարևորության մասին, թերևս, շատ է խոսվել: Շատ է խոսվել նաև այն մասին, որ եթե մենք ցանկանում ենք ունենալ իրապես կենսունակ պետություն, պետք է անենք ամեն բան, որպեսզի Հայաստանը դառնա ոչ միայն տեղացիների` հայաստանցիների հայրենքն, այլև սփյուռքահայության`բառիս ամենալայն իմաստով:

Գաղտնիք չէ, որ տնտեսության զարգացման համար ներդրումներն ուղղակի անփոխարինելի դեր ունեն. չկան ներդրումներ, ուրեմն` մեռնում է տնտեսությունը: Ներդրումային հոսքերն ակտիվանում են, ուրեմն` ակտիվանում է նաև տնտեսությունն ու սկսում լիաթոք շնչել:

Վերջին տարիներին, ինչպես ցույց է տալիս նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը, Հայաստանում շատ քիչ ներդրումներ են կատարվում. ուղղակի ներդրումների ծավալը հատկապես 2015-16թթ-ին չափազանց քիչ տոկոս է կազմել: Ստեղծված իրավիճակում, անկասկած, յուրատեսակ փրկօղակ կարող էր դռնալ սփյուռքը, որին ուղղված կոչերը` գալու Հայաստան ու ներդրումներ անելու, վերջերս բավականին ակտիվացել են: Հարց է առաջանում, սակայն, ունի՞ Հայաստանն, արդյոք, որևիցե գրավիչ կողմ` ներդրումներ ակնկալելու մեր սփյուռքահայ բարեկամներից, թե՞ միակ բանը, որի հետ պետք  է հույս կապել, մարդկանց հայրնեասիրական զգացողություններն են:

Այս հարցի պատասխանը, բանից պարզվում է, այնքան էլ միանշանակ չի հնչում: Բանն այն է, որ իրականում Հայաստանն այնքան էլ զուրկ չէ բիզնես գրավչությունից, ու պնդումները, թե Հայաստանն անպատ է, չափազանցված են. նեդրումներ կարելի է անել տնտեսության բազմաթիվ ճյուղերում`լինի դա շինարարությունը, թեթև արդյունաբերությունը և այլն: Կարճ ասած`ցանկության դեպքում ներդրողն իր համար ինքնադրսևորման դաշտ կարող է գտնել:

Իրականում, սակայն, խնդիրը ոչ թե սրանում է, այլ այն բանում, թե որքանով են երաշխավորված ներդրումները. պատահական չէ, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ մատների վրա կարելի է հաշվել այն սփյուռքահայերին, ովքեր հաջողված բիզնես ունեն այստեղ: Որպես կանոն`սփյուռքահայը, մի քանի տարի ապրելով այստեղ ու տեսնելով, թե ինչ կարգի վտանգների է ենթարկվում իր բիզնեսը, հաճախ վաճառում է այն ու թողնում-հեռանում:

Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը, պարզվում է, իրականում թաքնված է Հայաստանի ֆինանսական համկարգում, իսկ ավելի ճիշտ` պայմանավորված է հայաստանյան բանկերի կողմից վարվող խայտառակ քաղաքականությամբ: Սրանք ոչ միայն պատուհաս են դարձել տեղացիների, այլև շատ սփյուռքահայ ներդրողների համար, որոնք ուղղակի կրակն են ընկել դրամատների ձեռքը. աշխարհում երևիթե որևիցե երկիր չես գտնի, ուր բանկերը վարկեր տան 30%-ից բարձր տոկսադրույքով. նման բան բնության մեջ ուղղակի չի լինում: Արդյունքում`բանկը, որն ի սկզբանե կոչված է լինելու գործարարի լավագույն բարեկամն ու ամենավստահելի գործընկերը, դառնում է նրա թիվ մեկ թշնամին ու հաճախ սննկացնում նրան. օրինակներ`որքան ասես:

Հետևաբար` եթե ցանկանում ենք Հայաստանը դուրս բերել այս խայտառակ վիճակից, առաջին բանը, որ պարտավոր են իշխանություններն անել, բանկային համակարգի լիակատար վերակառուցումն է, արմատական բարեփոխումն ու խաղի նոր կանոնների հաստատումը: Քանի դեռ բանկերը չեն վերանայել իրենց գործունեության հիմնական սկզբունքներն ու չեն դադարել մարդկանց կթել, Հայաստանին լավ բան չի սպասվում. չկա բանկ, չկա տնտեսություն:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-04T20:27:55+00:00 Մարտի 4 20:27|Վերլուծություն|Մեկնաբանությունները կասեցված են Բանկերը թալանում են սփյուռքահայերին …-ում
//
//