/// Կանանց միջազգային տոնին ընդառաջ. մարտի 7-ին Գյումրիում կկայանա Իրինա Հարությունյանի մենահամերգը

Կանանց միջազգային տոնին ընդառաջ. մարտի 7-ին Գյումրիում կկայանա Իրինա Հարությունյանի մենահամերգը

Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 7-ին, ժամը 19:00-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա երգչուհի Իրինա Հարությունյանի մենահամերգը, որտեղ և վաճառվում են համերգի տոմսերը: Ծնունդով գյումրեցի երգչուհու մենահամերգը կրում է «Restart» խորագիրը: Մենահամերգի մանրամասների, երգչուհու նախապատրաստական աշխատանքների և այլ հարցերի շուրջ SHAMSHYAN.com-ի թղթակիցը զրուցեց Իրինա Հարությունյանի հետ:

-Իրինա, ինչո՞ւ հենց Գյումրին ընտրվեց որպես առաջին մենահամերգի վայր:

-Պատասխանը շատ պարզ է՝ Գյումրին իմ ծննդավայրն է, և հետևաբար, մենահամերգների մեկնարկը Գյումրիից չազդարարելը, կարծում եմ, սխալ կլիներ: Ես այս անգամ ցանկացա Կանանց միջազգային տոնին ընդառաջ մեկ երեկո տոն դարձնել և բարձր տրամադրություն ապահովել Շիրակի մարզի կանանց համար:

-Մենահամերգին ընդառաջ ինչպիսի՞ն է ձեր տրամադրությունը, շարունակվո՞ւմ են նախապատրաստական աշխատանքները:

-Նախապատրաստական թոհուբոհի մեջ եմ. ամենօրյա փորձեր, աշխատանքներ, որոնք համարյա մոտենում են ավարտին: Տոմսերի վաճառքն է սկսվել է, և Գյումրին տեղյակ է իմ մենահամերգի մասին: Իսկ ծննդավայրում սիրելի հանդիսատեսի հետ հանդիպման ակնկալիքն արդեն բավարար է բարձր տրամադրություն ունենալու համար:

-Իրինա, լինելով ծնունդով գյումրեցի, ծանո՞թ եք գյումրեցու ճաշակին, արդյո՞ք գյումրեցի հանդիսատեսը քմահաճ չէ:

-Պատասխանատվության բարձր զգացում ունեմ գյումրեցի հանդիսատեսի առաջ: Բնականաբար, ծանոթ եմ, գիտեմ, որ խստապահանջ հանդիսատես եմ ունենալու, բայց վստահ եմ, որ նրանք գոհ են դուրս գալու համերգասրահից: Փակագծերը, բնականաբար, չեմ բացում:

-Եվ՝ ինչո՞ւ եք ընտրել «Restart» խորագիրը:

-Որոշակի ժամանակահատվածով դադարից հետո «Restart» էր պետք: Առհասարակ, երբեմն դրա անհրաժեշտությունը լինում է նաև առօրյայում: © shamshyan.com

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-04T15:58:08+00:00 Մարտի 4 15:54|Կարևոր|Մեկնաբանությունները կասեցված են Կանանց միջազգային տոնին ընդառաջ. մարտի 7-ին Գյումրիում կկայանա Իրինա Հարությունյանի մենահամերգը-ում
//
//