fbpx
/// Պատգամավորի` չարիք դարձած նոու-հաուն…

Պատգամավորի` չարիք դարձած նոու-հաուն…

Պաշտոնական քարոզարշավը դեռևս չսկսված` կարելի է արդեն իսկ պնդել, որ ոչ միայն բուն ապրիլին կայանալիք ընտրություններն, այլև դրանց նախորդող շրջանն ունեն բոլոր նախադրյալները` հավերժանալու մեր երկրի քաղաքական պատմության մեջ, քանի որ այնպիսի ծայրահեղ դրսևորումների, որոնց ականատես ենք դառնում հենց այս ընտրություններին նախորդող շրջանում, հաստատ երբեք ականատես չենք դարձել:

Այն, որ ռեյտինգային ընտրակարգն ուղղակի պատուհաս է դարձել մարդկանց գլխին, ընդ որում` ոչ միայն սովորական քաղաքացիների, այլև հենց իրենց` ռեյտինգային ընտրակարգով առաջադրվածների, քչերը կարող են կասկածի տակ առնել: Սրանում  համոզվելու համար պետք է ընդամենը պարբերաբար աչքի տակով անցկացնել  ասենք օրվա մամուլն, ու անմիջապես աչքիդ առաջ կհայտնվեն ծեծկռտուքների մասին պատմող հոդվածներ ու լրատվական նյութեր. է՛լ մարդ են դանակահարում, է՛լ չափալախում, է՛լ հայհոյում ու փչացնում: Մի խոսքով` իսկական գլադիատորական մարտեր, ուր հաղթելու շանսեր ունեն միայն ամենից այունարբուները:

Պարզվում է, սակայն, քաղաքական պայքարի ելածների շարքերում կան և այնպիսիք, ովքեր սեփական քաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին փորձում են գործի դնել առավել նուրբ միջոցներ:

Մամուլում հստակ տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն, ով խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում առաջադրվել է Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով,  ընտրակաշառքի յուրօրինակ տարբերակ է գտել. տեղի երիտասարդներին 5000‐ական դրամներ է բաժանում GoodWin խաղային ապարատներով խաղալու համար` այդպիսով երիտասարդության շրջանում առաջացնելով շահագրգռվածություն ապրիլյան ընտրություններին իրեն ձայն տալու համար:

Այն, որ խաղամոլությունը միանգամայն արդարացված կերպով համարվում է կատարյալ չարիք ու իսկական պատուհաս հասարակության գլխին, մեծ գաղտնիք չէ: Իսկ այն, որ խաղամոլությունը կրկնապատիկ անգամ մեծ չարիք է դառնում հատկապես Հայաստանի պես աղքատ երկրների պարագայում, անհերքելի է:

Հիմա հարց է ծագում` ի՞նչ բարոյական իրավունքով է մի քանի անգամ քաղաքական ճամբար փոխած այս վայ պատգամավորը, մեր երիտասարդության շրջանում խաղամոլության հակումներ ձևավորում: Պարզ է, չէ՞, որ այդպիսով կյանքում առաջին քայլերն անող ջահելը կարող է հայտնվել խաղամոլության ճիրաններում ու հիմնահատակ կործանվել: Մի՞թե  մի քանի ձայն ավել ստանալն այն գինն է, որի համար արժե փչացնել մարդկանց ճակատագրերն ու նրանց շրջանում մոլախաղերի նկատմամբ սեր առաջացնել…

Ցավոք` այս ամենը փաստում է մեկ բան` Հայաստանի ներքաղաքական կյանքում տիրում է տոտալ բարոյալքված մթնոլորտ, ու նմանատիպների համար  կարևորագույն նպատակն աթոռն է.  թքա՛ծ ունեն, թե դրան հասնելու ճանապարհին ինչ միջոցների ստիպված կլինեն դիմել, ինչ զանցանքներ կգործեն. նպատակը մեկն է` փող ու իշխանություն:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-04T01:29:27+00:00 Մարտի 3 22:33|Վերլուծություն|Մեկնաբանությունները կասեցված են Պատգամավորի` չարիք դարձած նոու-հաուն…-ում
//
//