/// Մորքուր եմ ասել, է՜, մորքուր…

Մորքուր եմ ասել, է՜, մորքուր…

Սովորաբար, մեզանում ընդունված է ուշադրության կենտրոնում պահել առավելապես մայրաքաղաքային բուհերը. նույնիսկ ամենաչնչին չարաշահման կամ կոռուպցիոն դրսևորման դեպքում մամուլն անմիջապես որսում է տեղի ունեցածն ու մեծ աղմուկ բարձրացնում: Թե հատկապես ինչով է պայմանավորված այս հանգամանքն, այսինքն` այն, թե ինչպես են երևանյան բուհերն առավել նկատելի, քան մարզային կրթօջախները, այնքան էլ պարզ չէ, քանի որ նույնիսկ եթե համարենք էլ, որ երևանյան բուհերում են ամենամեծ թվով սովորող ուսանողներն, ապա այս հանգամանքը ևս ոչ մի կերպ չի կարող արդարացում համարվել: Ասել կուզի` մարզային կրթօջախները ևս պակաս ռիսկային չեն ու սրանցում նույնպես հնարավոր են ամենատարբեր տեսակի ու բնույթի չարաշահումներ:

Պարզվում է` Գավառի պետական համալսարանում օրերս անցկացված ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը, որի արդյունքներն արդեն իսկ հայրենի կառավարությունը հասցրել է հաստատել, անակնկալներ չի գրանցել, ու այստեղ, ինչպես և երկար տարիներ առաջ, վերընտրվել է  Ռուզաննա Հակոբյանը: Ընտրությունն այս երևի չլիներ այդքան նկատելի ու նույնիսկ աղմկոտ, եթե չլիներ մի շատ հետաքրքիր հանգամանք. տիկին Ռուզաննա Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի քրոջ աղջիկն է: Այստեղ հատկանշականն այն է, որ Ռուզաննա Հակովյանն իր այս պաշտոնում վերընտրվում է արդեն երրորդ անընդմեջ անգամ ու երևում է` հույս էլ չկա, որ այս մեծ ու շեն աշխարհում, համենայնդեպս առաջիկա տարիներին, կգտնվի գեթ մեկն, ով կհանդգնի «ձեռնոց նետել» տիկին Հակոբյանին: Թե ինչպես ստացվեց, որ նույն մարդն արդեն երրորդ անգամն է փորձում պաշտոնավարել բուհի ռեկտորի պաշտոնում, պարզ է դառնում, մասնավորախես, բուհի կարգավիճակի փոփոխության իրողությունից. կրթօջախը պետական ոչ առևտրային կազմակերպությունից դարձել է հիմնադրամ. նպատակը, կարելի է ենթադրել, նախարարի զարմուհու կյանքը քաղցրացնելն է եղել: Ինչ վերաբերում է անձամբ Հրանուշ Հակոբյանին, ապա նշենք, որ նա ևս այս կրթօջախից օտարված մեկը չէ. նախարարը Գավառի պետական համալսարանի խորհրդի նախագահն է:

Այն, որ Հայաստանում պաշտոններն, անկախ դրանց նշանակությունից, նմանվում են արքայական գահերի ու փոխանցվում կա՛մ ժառանգաբար, կա՛մ տրվում այն երջանիկներին, որոնց արյան մեջ այս կամ այն պետական չինովնիկի թեկուզ  մի կաթիլ արյուն է հոսում, նորություն չէր: Բայց որ միևնուն կրթօջախում միաժամանակ ինքնադրսևորման հնարավորություն կարող էին ստանալ մորաքույրն ու զարմուհին, թերևս, հազվագյուտ հանդիպող երևույթ պետք է համարել: Հարց է ծագում, թե լա՛վ, այս տարիների ընթացքում չգտնվե՞ց,  արդյոք, արժանի մեկն, ով կկարողանար որպես այլընտրանք դիտարկվել Հրանուշ Հակոբյանի քրոջ աղջկան: Մի՞թե  նրա ունեցած գիտելիքներն ու մասնագիտական հմտություններն այն մակարդակի են, որ Հայաստանում, կամ թեկուզ Գեղարքունկի մարզում նրա նման մեկը գոյություն չունի…

Սարկազմը`սարկազմ, բայց փաստն էլ մնում է փաստ, որ այն, ինչի մասին խոսք գնաց վերևում, ոչ այլ ինչ է, եթե ոչ կոռուպցիայի դասական դրսևորում, հովանավորչության մի փայլուն օրինակ, որն ընդամենը մեկ բան է վկայում`  ոչինչ էլ այս տարիների ընթացքում մեր երկրում չի փոխվում, ու ամեն բան նույնն է  մնացել. ամենուրեք թագավորում է մեծն կոռուպցիան:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-02T22:05:39+00:00 Մարտի 2 22:05|Վերլուծություն|Մեկնաբանությունները կասեցված են Մորքուր եմ ասել, է՜, մորքուր…-ում
//
//