ԱՄՆ-ը ծրագրում է արտաքսել թալիբների՝ իշխանության վերադառնալուց հետո փախուստի դիմած ավելի քան 150 աֆղանցու

Աֆղանստան10:19 | հոկտեմբերի 31, 2026ԱՄՆ-ը ծրագրում է արտաքսել թալիբների՝ իշխանության վերադառնալուց հետո փախուստի դիմած ավելի քան 150 աֆղանցու
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է Աֆղանստան արտաքսել ավելի քան 150 աֆղան միգրանտի․ նրանցից շատերը երկիրը լքել են 2021 թվականին՝ թալիբների իշխանության վերադարձից հետո։
The New York Times-ի տվյալներով՝ տասնյակ աֆղաններ ձերբակալվել են Լուիզիանա նահանգի միգրացիոն իշխանությունների կողմից։ Նրանց արտաքսման առաջին չվերթը կարող է իրականացվել արդեն երկուշաբթի օրը։ Եթե այս ծրագրերն իրագործվեն, սա կդառնա ԱՄՆ-ից Աֆղանստանի քաղաքացիների՝ միանվագ իրականացվող ամենախոշոր արտաքսումներից մեկը։
Ամերիկյան իշխանությունները նախատեսում են միգրանտներին ուղարկել Պակիստանի տարածքով, քանի որ Վաշինգտոնը դիվանագիտական հարաբերություններ չունի թալիբների կառավարության հետ և զրկված է Աֆղանստան նրանց վերադարձն անմիջականորեն կազմակերպելու հնարավորությունից։
AfghanEvac կազմակերպության ղեկավար Շոն Վան Դայվերը հայտարարել է, որ արտաքսման վտանգի տակ հայտնվածների թվում կան ամերիկացի զինվորականների հետ ծառայած անձանց հարազատներ։ Նրա խոսքով՝ այդ ընտանիքները կարող են բախվել թալիբների կողմից հալածանքների ենթարկվելու վտանգին։
Վան Դայվերը Կոնգրեսին կոչ է արել ԱՄՆ-ում գտնվող աֆղաններին տրամադրել ժամանակավոր պաշտպանված կարգավիճակ, ինչը կօգնի զերծ պահել նրանց արտաքսումից։
Թրամփի վարչակազմը պնդում է, որ միգրացիոն քաղաքականության խստացումն ու զանգվածային արտաքսումներն անհրաժեշտ են ներքին անվտանգությունն ամրապնդելու համար։ Իրավապաշտպաններն, ընդհակառակը, գտնում են, որ այս միջոցառումները ոտնահարում են պատշաճ իրավական ընթացակարգի ու խոսքի ազատության իրավունքը, ինչպես նաև անապահով միջավայր են ստեղծում բնակչության խոցելի խմբերի համար։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հրաժարվել է հաստատել ապագա արտաքսումների ծրագրերը՝ վկայակոչելով օպերատիվ անվտանգության պահանջները։
Մինչդեռ Պակիստանը 2023 թվականից ի վեր Աֆղանստան է արտաքսել ավելի քան երկու միլիոն աֆղան քաղաքացու, ինչն ավելի է մեծացրել ճնշումը թալիբների իշխանության տակ գտնվող երկրի բնակչության վրա։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
