ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են լայնածավալ հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին․ CBS News
ԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են վերջին ժամանակների ընթացքում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ ամենամասշտաբային ռմբակոծություններից մեկը, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ հարվածները կարող են սկսվել արդեն առաջիկա հանգստյան օրերին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ իշխանությունները քննարկել են գործողությունն ավարտելու հնարավորությունը մինչև երկուշաբթի ֆինանսական շուկաների բացվելը՝ մտահոգվելով, որ ռմբակոծությունները կարող են բացասաբար ազդել ամերիկյան և համաշխարհային տնտեսությունների վրա։ Սակայն գործողության ավարտի վերջնական ժամկետը դեռևս որոշված չէ։
Ամերիկյան մի շարք աղբյուրների խոսքով՝ Իսրայելը տեղեկացված է ծրագրերի մասին և համակարգում է իր գործողությունները Միացյալ Նահանգների հետ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական թույլտվություն չի տվել հարվածներ հասցնելու համար, հայտնել է հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը։
Իսկ իսրայելցի պաշտոնյան CBS News-ին հայտնել է, որ «Իսրայելին հայտնի չէ լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ որևէ որոշման մասին, և Իսրայելին չեն դիմել՝ Իրանի դեմ որևէ ռազմական գործողության միանալու խնդրանքով»։
Աղբյուրների տեղեկացմամբ՝ ռազմական գործողության ծրագիրը քննարկվել է ուրբաթ օրը Քեմփ Դևիդում կայացած հանդիպման ընթացքում, որտեղ Թրամփը խորհրդակցել է իր վարչակազմի անդամների հետ։ Նախագահի քաղաքական հարցերով զբաղվող որոշ խորհրդականներ կտրականապես դեմ են եղել այդ ծրագրին։
Լրագրողների ներկայությամբ Թրամփը հայտարարել է.
«Մենք նրանց շատ հզոր հարվածներ կհասցնենք։ Ինչ-որ պահի նրանք կասեն՝ «Մենք այլևս չենք կարող դա հանդուրժել»»։
Իսկ դիվանագիտական ջանքերի վերսկսման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Թրամփն ասել է.
«Կարծում եմ՝ մենք պարզապես ցանկանում ենք հաղթել»։
Երկու աղբյուրների փոխանցմամբ՝ հավանական թիրախների շարքում են լինելու Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, այդ թվում՝ էլեկտրակայաններն ու նավթավերամշակման գործարանները։
«Ինչպես նախագահ Թրամփը հայտարարել է կառավարության նիստում, Միացյալ Նահանգները կհաղթի, և Իրանը նրա պաշտոնավարման ընթացքում միջուկային զենք չի ունենա», — CBS News-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Միևնույն ժամանակ, Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը CBS News-ին հայտնել է, որ Պենտագոնը չի մեկնաբանի հնարավոր թիրախները, քանի դեռ նախագահը վերջնական որոշում չի կայացրել։
Աղբյուր՝ 24News.am
