Մեկ օրում Կրետե է ժամանել ավելի քան 2000 միգրանտ․ սա տարեսկզբից ամենաբարձր ցուցանիշն է

Կրետե20:51 | նոյեմբերի 29, 2026Մեկ օրում Կրետե է ժամանել ավելի քան 2000 միգրանտ․ սա տարեսկզբից ամենաբարձր ցուցանիշն է
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Վերջին մեկ օրում Հյուսիսային Աֆրիկայից փոքր նավակներով հունական Կրետե կղզի է ժամանել ավելի քան երկու հազար միգրանտ, հայտնում է Kathimerini-ն։
Հունաստանի միգրացիայի նախարար Թանոս Պլևրիսն այս ցուցանիշն անվանել է տարեսկզբից ի վեր ամենաբարձրը։ Իշխանությունների գնահատմամբ, ևս մոտ 600 մարդ ուղևորվում է դեպի կղզի։
Մի քանի օր տևած դադարից հետո Լիբիայի արևելքից միգրանտների հոսքը սկսել է աճել հինգշաբթի և գագաթնակետին է հասել լույս կիրակի գիշերը։ Ընդհանուր առմամբ, այդ ընթացքում գրանցվել է 2027 ժամանած։
Տարեսկզբից Կրետե է ժամանել ավելի քան 25 հազար միգրանտ։ Հունվարի 1-ից ծովային և ցամաքային ճանապարհներով Հունաստան մուտք գործած մարդկանց ընդհանուր թիվը կազմել է առնվազն 41 հազար։
Մերձավոր Արևելքից, Բանգլադեշից և աֆրիկյան երկրներից Եվրոպա հասնել ձգտող մարդկանց հոսքը լուրջ ծանրաբեռնվածություն է ստեղծել կղզու՝ միգրանտների ընդունման կետերի համար։ Հարյուրավոր մարդիկ ստիպված են գիշերել բաց երկնքի տակ՝ Հերակլիոնում և Իերապետրա քաղաքում։ Կիրակի Հունաստանի մեծ մասում տեղացել են հորդառատ անձրևներ և փոթորկոտ քամիներ են մոլեգնել, որոնք, ըստ կանխատեսումների, մինչև երկուշաբթի կհասնեն Կրետե։
Պլևրիսը ժամանողների թվի աճի պատասխանատվությունը դրել է Լիբիայի արևելյան հատվածի վարչակազմի վրա։ Ըստ նրա, լիբիական կողմը գործնականում չի խոչընդոտում միգրանտներով նավակների մեկնումը, իսկ իրավիճակն ավելի է սրվել անցյալ շաբաթ երկրում ռուսաստանյան ռազմածովային օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումներից հետո։
«Փաստացի լիբիական կողմը որևէ միջոց չի ձեռնարկել միգրանտներով նավակների մեկնումը կանխելու համար», — հայտարարել է նախարարը Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պլևրիսը նշել է, որ վերջերս ժամանածներից շատերին Կրետեից կտեղափոխեն Հունաստանի մայրցամաքային հատվածում գտնվող ճամբարներ։ Բացի այդ, իշխանությունները մտադիր են արագացնել Հերակլիոնի ծայրամասում միգրանտների ընդունման կենտրոնի ստեղծումը։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
