The Guardian. Բրիտանիայում ծառայող ամերիկացի զինվորականներին երեխաների դեմ սեռական հանցագործությունների համար գերազանցապես դատում են ԱՄՆ-ում

The Guardian. Բրիտանիայում ծառայող ամերիկացի զինվորականներին երեխաների դեմ սեռական հանցագործությունների համար գերազանցապես դատում են ԱՄՆ-ում

Արդարադատություն19:50 | նոյեմբերի 28, 2026The Guardian. Բրիտանիայում ծառայող ամերիկացի զինվորականներին երեխաների դեմ սեռական հանցագործությունների համար գերազանցապես դատում են ԱՄՆ-ում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

The Guardian. Բրիտանիայում ծառայող ամերիկացի զինվորականներին երեխաների դեմ սեռական հանցագործությունների համար գերազանցապես դատում են ԱՄՆ-ում<!—>

]—>

Վերջին տասնամյակում Մեծ Բրիտանիայում առնվազն 21 ամերիկացի զինծառայող դատապարտվել է երեխաների դեմ սեռական հանցագործությունների համար, սակայն նրանցից միայն երեքն են կանգնել բրիտանական դատարանների առջև։ Մնացած գործերը քննել են ԱՄՆ ռազմական դատարանները, պարզել է The Guardian թերթը։

Այս գործելակերպը հարցեր է առաջացնում դատավարությունների թափանցիկության և այն մասին, թե որքան արդյունավետ են բրիտանական իշխանություններն ապահովում արդարադատությունը երկրի տարածքում կատարված հանցագործությունների առնչությամբ։

Նման դեպքերից է ամերիկացի զինծառայող Ջեյքոբ Օզբիրնի գործը, որը ծառայում էր Սաֆոլք կոմսությունում, RAF Mildenhall ավիաբազայում։

Նա գնացել էր հանդիպելու 12-ամյա մի աղջկա, որին նախկինում սեռական բնույթի հաղորդագրություններ էր ուղարկել և առաջարկել մերկ լուսանկարներ ուղարկել։ Աղջիկն ու ևս երկու անչափահաս զրուցակիցներ նրան հայտնել էին, որ իրենք 12 կամ 13 տարեկան են։

Հանդիպումը ծուղակ էր, որը կազմակերպել էին համացանցում անչափահաս ներկայացող ակտիվիստները՝ սեռական հանցագործությունների մեջ կասկածվող անձանց բացահայտելու նպատակով։

Ակտիվիստների դիմումից հետո Դերբիշիր կոմսության ոստիկանությունը ձերբակալել էր Օզբիրնին։ Սակայն քննությունը փոխանցվել էր ամերիկյան ռազմական ոստիկանությանը։ Նրան դատել էր Միլդենհոլի բազայում գործող ռազմական դատարանը՝ դատապարտելով երեք տարվա ազատազրկման ռազմական բանտում։

The Guardian-ի տվյալներով՝ ամերիկյան զինվորականները բազմիցս խնդրել են բրիտանական իրավապահ մարմիններին իրենց փոխանցել ԱՄՆ զինծառայողների հնարավոր հանցագործությունների քննությունը, և տեղական ոստիկանությունը հաճախ համաձայնել է։

Համաձայն 1950-ական թվականներից գործող՝ ամերիկյան զորքերի կարգավիճակի մասին համաձայնագրի՝ Մեծ Բրիտանիայում ԱՄՆ զինծառայողների հանցագործությունները, որպես կանոն, պետք է քննեն բրիտանական մարմինները։ Բացառություններ նախատեսված են, մասնավորապես, ծառայողական պարտականությունները կատարելիս կամ այլ ամերիկացի զինծառայողների, նրանց գույքի և ընտանիքի անդամների դեմ կատարված իրավախախտումների համար։

Մինչդեռ ռազմական դատարաններում գործերի քննությունը քննադատության է արժանանում թափանցիկության առումով։ Նիստերն անցկացվում են ամերիկյան բազաներում, ուր հանրության ներկայացուցիչների մուտքը հեշտ չէ, իսկ գործերի և մեղադրանքների մասին տեղեկությունները հրապարակվում են ոչ հետևողականորեն։ Նախկին փոխգնդապետ և ռազմական իրավաբան Ռեյչել Վանլենդինգն ամերիկյան ռազմական արդարադատության համակարգի թափանցիկությունը խիստ անբավարար է անվանել։

2016 թվականից ի վեր Մեծ Բրիտանիայում ռազմական դատարանների կողմից դատապարտված 63 ամերիկացի զինծառայողներից 18-ը՝ ընդհանուր թվի ավելի քան մեկ քառորդը, դատապարտվել է երեխաների դեմ սեռական հանցագործությունների համար։

Հոկտեմբերին երկու զինծառայողներ դատապարտվել են առանձին գործերով. մեկը ստացել է տասը տարվա ազատազրկում՝ երեխայի նկատմամբ սեռական բռնության և երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութերի հետ կապված հանցագործությունների համար, մյուսը՝ երկու տարի, նման նյութեր պահելու և դիտելու համար։

Որոշ դեպքերում բրիտանական ոստիկանությունը հրաժարվել է քննությունը փոխանցել ամերիկյան կողմին։ Այսպես, զինծառայող Ջարիք Լոֆթաուսի գործով Սաֆոլք կոմսության ոստիկանությունը մերժել է ԱՄՆ համապատասխան խնդրանքը։ Հուլիսին բրիտանական դատարանը նրան դատապարտել է ութ ամսվա պայմանական ազատազրկման։ Մեկ այլ գործով Սեմ Ջարվիսը բրիտանական դատարանի կողմից դատապարտվել է 12-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնության համար և ստացել 18 ամսվա պայմանական ազատազրկում։

Այս հրապարակումների ֆոնին Մեծ Բրիտանիայում միջգերատեսչական քննություն է սկսվել՝ պարզելու, թե որքան պատշաճ են քննվում երկրում տեղակայված ամերիկացի զինծառայողների գործերը։ Ստուգումը հաջորդել է The Guardian-ի՝ օդաչու Ջեյքոբ Վուլֆսոնի հանդեպ նախորդ հետաքննությանը։ Վերջինիս դատել էին ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ նա Քեմբրիջի իր բնակարանում խեղդամահ էր արել մի բրիտանուհու։

ԱՄՆ ՌՕՈւ ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ ամերիկյան զինված ուժերում տեղ չկա երեխաների շահագործման և նրանց նկատմամբ բռնության համար, գերատեսչությունը հետամուտ է նման հանցագործությունների քննությանն ու դրանց համար քրեական հետապնդում իրականացնելուն։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԱրդարադատությունՌազմականԱնչափահասների սեռական բռնություն

Տեղադրություն

Միացյալ Թագավորություն