FedEx-ի բեռնատար ինքնաթիռը Մայամիի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններից

Ավիացիա23:22 | նոյեմբերի 26, 2026FedEx-ի բեռնատար ինքնաթիռը Մայամիի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններից
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ամերիկյան FedEx ընկերության MD-11 բեռնատար ինքնաթիռը չորեքշաբթի երեկոյան՝ անձրևի և ուժեղ քամու պայմաններում, դուրս է եկել Մայամիի միջազգային օդանավակայանի թռիչքուղու սահմաններից, հաղորդում է CBS News-ը։
Միջադեպի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է ժամանող չվերթների ընդունումը տարվա ամենածանրաբեռնված օրերից մեկին՝ Գոհաբանության տոնի նախօրեին։ Օդանավում գտնվող երկու անձինք չեն տուժել։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) տվյալներով՝ ինքնաթիռը Մեմֆիսից Մայամի չվերթ էր իրականացնում։ Մայամի-Դեյդ շրջանի շերիֆի գրասենյակը հայտնել է, որ արտակարգ ծառայությունները դեպքի վայր են ժամանել տեղական ժամանակով 20:40-ի սահմաններում։ Փրկարարները հրդեհի կամ ծխի նշաններ չեն հայտնաբերել։
Օդանավակայանի տնօրինությունը հաստատել է, որ ինքնաթիռը դուրս է եկել 26R թռիչքուղու սահմաններից։ Միջադեպի ընթացքում բոլոր թռիչքուղիները, բացի 9R-ից, փակվել են։ Ըստ FAA-ի ծանուցման՝ դեպի Մայամի մեկնումները ժամանակավորապես կասեցվել են առնվազն մինչև 21:45-ը։
Միջադեպի պահին անձրևի պատճառով տեսանելիությունը նվազել էր մինչև յոթ մղոն (մոտ 11 կիլոմետր), իսկ համընթաց քամու արագությունը կազմել է մոտ 21 կմ/ժ։
Օդանավակայանի աշխատակիցը, որը տեսել է միջադեպի հետևանքները, CBS News Miami-ին պատմել է, որ անձնակազմը, ըստ երևույթին, դժվարությամբ փորձել է արգելակել թաց ծածկույթի վրա, որից հետո ինքնաթիռը դուրս է եկել խոտածածկ հատված։
«Նրանք ամեն կերպ փորձում էին կանգ առնել, բայց չգիտեմ՝ արդյոք դա եղանակի հետ էր կապված։ Անձրևն ու քամին շատ ուժեղ էին, և նրանք պարզապես չհասցրին կանգ առնել, դուրս եկան թռիչքուղու սահմաններից և հայտնվեցին խոտածածկ հատվածում»,- պատմել է ականատեսը։
Նրա պատմելով՝ ինքնաթիռը դուրս է եկել օդանավակայանի ամենակարճ թռիչքուղու սահմաններից։ Միջադեպը կրկին ուշադրություն է հրավիրել թռիչքների անվտանգության վրա՝ սեպտեմբերին Մայամիում Amazon-ի բեռնատար ինքնաթիռի կործանումից հետո, որի հետևանքով հինգ մարդ էր զոհվել։
Թռիչքների ժամանակավոր դադարեցման պատճառով Գոհաբանության տոնը նշելու մեկնող որոշ ուղևորներ ստիպված են եղել մի քանի ժամ սպասել օդային հաղորդակցության վերականգնմանը։
FedEx-ից հայտնել են, որ Մեմֆիսից ժամանող 910 չվերթը Մայամիում վայրէջքի ժամանակ խնդրի է բախվել։ Ընկերությունը հաստատել է, որ անձնակազմն անվտանգ է, և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Փոխադրողը համագործակցում է միջադեպը հետաքննող մարմինների հետ։
FAA-ն հայտարարել է հետաքննություն սկսելու մասին։ Եղանակային պայմանների հնարավոր ազդեցությունը միջադեպի վրա առայժմ պաշտոնապես չի հաստատվել։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
