Ուոլ Սթրիթը չորեքշաբթի սակարկություններն ավարտել է խառը դինամիկայով

Տնտեսություն10:13 | նոյեմբերի 26, 2026Ուոլ Սթրիթը չորեքշաբթի սակարկություններն ավարտել է խառը դինամիկայով
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ ֆոնդային ինդեքսները չորեքշաբթի կայացած առևտրի արդյունքներով միասնական դինամիկա չեն ցուցաբերել․ ներդրողները գնահատել են վիճակագրական տվյալներն ու ընկերությունների նորությունները։
Ինչպես չորեքշաբթի հայտնի է դարձել ԱՄՆ առևտրի նախարարության վերանայված տվյալներից, ԱՄՆ տնտեսությունը 2026 թվականի երրորդ եռամսյակում տարեկանացված հաշվարկով աճել է 4,3%-ով՝ գրանցելով 2023 թվականի երրորդ եռամսյակից ի վեր ամենաբարձր աճի տեմպը։ Նախնական տվյալներով՝ աճը կազմել էր 3,4%։
Գործազրկության նպաստի համար առաջին անգամ դիմած ամերիկացիների թիվը նախորդ շաբաթ նվազել է 13 հազարով՝ հասնելով 189 հազարի։ Ցուցանիշը համընկել է հուլիսի կեսերին գրանցված մակարդակին, որը վերջին 60 տարվա նվազագույնն էր։
ԱՄՆ բնակչության եկամուտները հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել են 0,7%-ով, իսկ ծախսերը՝ 0,3%-ով։ Trading Economics-ի ներկայացրած՝ վերլուծաբանների կոնսենսուսային կանխատեսմամբ եկամուտների և ծախսերի աճը սպասվում էր 0,4%-ի չափով։
Մինչդեռ PCE Core սպառողական գների ինդեքսը, որը չի ներառում սննդամթերքի և էներգակիրների արժեքը, նախորդ ամիս տարեկան կտրվածքով աճել է 3,3%-ով՝ սեպտեմբերի 3,1% աճից հետո։ Սա 2023 թվականի նոյեմբերից ի վեր ամենաբարձր աճն է, որը գերազանցել է վերլուծաբանների՝ 3,2% կանխատեսումը։
Դաշնային պահուստային համակարգը գնաճային ռիսկերը գնահատելիս ուշադիր հետևում է PCE Core ինդեքսի դինամիկային։ Շուկայի մասնակիցները գրեթե 100% են գնահատում հավանականությունը, որ ԴՊՀ-ն դեկտեմբերյան նիստում հիմնական տոկոսադրույքը կբարձրացնի 25 բազիսային կետով։
Ավելի խիստ դրամավարկային քաղաքականության ակնկալիքները ճնշում են գործադրել ՏՏ ոլորտի ընկերությունների բաժնետոմսերի վրա։ Ընդ որում՝ նստաշրջանի ընթացքում բարձր տեխնոլոգիական ընկերությունների Nasdaq ինդեքսն անկում է ապրել ավելի քան 4%-ով, սակայն առևտրի ավարտին կարողացել է վերականգնել կորուստների մեծ մասը։
Էժանացել են չիպարտադրողների, այդ թվում՝ Nvidia Corp.-ի (-3,9%), Micron Technology-ի (-4,6%), Advanced Micro Devices-ի (-1,6%) և Marvell Technology-ի (-0,5%) արժեթղթերը։
Նվազել է նաև ՏՏ հսկաներ Alphabet Inc.-ի (2,1%-ով), Amazon.com Inc.-ի (3,1%-ով) և Microsoft Corp.-ի (1,3%-ով) շուկայական արժեքը։
Բացի այդ, շուկայի վրա ճնշում են գործադրել հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկում է մի շարք լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Չինաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի և մի շարք այլ երկրների, ինչպես նաև Եվրամիության նկատմամբ։
Ընդհանուր առմամբ, միջոցառումները կարող են առնչվել ԱՄՆ-ի 14 առևտրային գործընկերների։ Ամենաբարձր՝ 20% մաքսատուրքերը կսահմանվեն Չինաստանից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ։ Ընդ որում՝ միջոցառումները չեն տարածվի ԱՄՆ չինական արտահանման ողջ ծավալի վրա։
Առաջարկվող մաքսատուրքերը Վաշինգտոնի արձագանքն են այն հանգամանքին, որ, ամերիկյան իշխանությունների կարծիքով, այդ երկրները չեն փորձում կրճատել ավելցուկային արտադրական հզորությունները։
Մինչդեռ HP Inc.-ի բաժնետոմսերի գնանշումներն աճել են 11,5%-ով, և ընկերությունը դարձել է S&P 500 ինդեքսի բաղադրիչների շրջանում աճի առաջատարը։ Նախորդ ֆինանսական եռամսյակում HP-ի ճշգրտված շահույթը գերազանցել է շուկայի կանխատեսումները, ընկերությունը նաև հայտարարել է շահաբաժինների բարձրացման մասին։
Deere & Co.-ի բաժնետոմսերը թանկացել են 4,4%-ով, թեև գյուղատնտեսական սարքավորումների ամերիկյան արտադրողի հասույթը 2026 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում նվազել է 2%-ով, իսկ զուտ շահույթը՝ 1%-ով։ Ընդ որում՝ ընկերության շահույթը չի արդարացրել շուկայի սպասումները։
Dell Technologies-ի արժեթղթերի գինն աճել է 0,6%-ով։ Ամերիկյան ընկերությունը 2027 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակն ավարտել է հասույթի և մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթի ռեկորդային ցուցանիշներով, ինչպես նաև բարելավել է տարեկան կանխատեսումը։
Dow Jones Industrial Average ինդեքսը չորեքշաբթի բարձրացել է 0,33%-ով և կազմել 50182,95 կետ։
Standard & Poor’s 500 ինդեքսը նվազել է 0,25%-ով՝ հասնելով 7182,78 կետի։
Nasdaq Composite-ը կորցրել է 0,62% և առևտուրն ավարտել 23585,80 կետի մակարդակում։
Հինգշաբթի ԱՄՆ բորսաները փակ կլինեն Գոհաբանության օրվա կապակցությամբ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՏնտեսությունԳնաճՖոնդային շուկա
Տեղադրություն
