Սերբիայում ուսումնասիրում են հին աղբյուրներում հիշատակված հռոմեական կայսեր առեղծվածային պալատը

Հին Հռոմ06:52 | 26 նոյեմբերի, 2026Սերբիայում ուսումնասիրում են հին աղբյուրներում հիշատակված հռոմեական կայսեր առեղծվածային պալատը
լսել հոդվածը նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հնագետները Սերբիայում ուսումնասիրում են ուշ հռոմեական շրջանի մոնումենտալ մի համալիր, որը կապում են կայսր Մաքսիմիանոս Հերկուլիոսի հետ, գրում է Heritage Daily-ն։
Լեհ-սերբական համատեղ նախագծի շրջանակում առաջին աշխատանքներն իրականացվել են հնագույն Սիրմիում քաղաքի մոտ՝ ժամանակակից Սրեմսկա Միտրովիցա քաղաքից ոչ հեռու։

Ուսումնասիրություններն ընթանում են Գլաց վայրում, որը հայտնի է նաև որպես Գլացով Սալաշ։ Այստեղ պահպանվել են ճարտարապետական խոշոր համալիրի մնացորդներ, որոնք թվագրվում են տետրարխիայի՝ քառապետության դարաշրջանով. այդ շրջանում Հռոմեական կայսրությունը կառավարում էին մի քանի կայսրեր։
Առաջին հետազոտական սեզոնի ընթացքում հնագետները կենտրոնացել են տարածքի հարավային հատվածի վրա, որը նախկինում չէր ուսումնասիրվել։ Գիտնականներն օգտագործել են գեոռադար, երկրաբանական և հնաերկրաբանական մեթոդներ՝ գետնի տակ թաքնված կառույցները հայտնաբերելու և տեղանքի լանդշաֆտի առանձնահատկություններն ուսումնասիրելու համար։
Գլացի համալիրը կապում են կայսր Մաքսիմիանոս Հերկուլիոսի պալատի հետ։ Ուշ հռոմեական շրջանի պատմիչ Ավրելիոս Վիկտորը հիշատակել է Սիրմիումի մերձակայքում գտնվող տիրակալի նստավայրը, սակայն հայտնաբերված կառույցների ճշգրիտ նշանակությունը դեռ պետք է պարզել։

Համալիրի չափերն ու հարուստ հարդարանքը վկայում են, որ այն բացառիկ բարձր կարգավիճակ ունեցող շինություն է եղել։ Պահպանված տարրերից են ընդունելությունների մոնումենտալ դահլիճը, ընդարձակ սյունաշար բակը և խճանկարներով ու որմնանկարներով զարդարված այլ սենյակներ։
Հնագետները հայտնաբերել են նաև թանկարժեք դեկորատիվ քարերի բեկորներ՝ եգիպտական կարմիր պորֆիր, Պելոպոնեսի կանաչ պորֆիր և նումիդիական մարմար, որն արդյունահանվում էր ժամանակակից Թունիսի տարածքում գտնվող Շեմտուի շրջանում։ Այս նյութերը տեղափոխվում էին մեծ հեռավորություններից, իսկ ուշ անտիկ շրջանում դրանք օգտագործվում էին հիմնականում վերնախավի և կայսերական ճարտարապետության մեջ։
Հետագա ուսումնասիրությունների գլխավոր խնդիրներից մեկն է պարզել, թե համալիրը որքան հեռու էր ձգվում Սավա գետի ուղղությամբ, և արդյոք մերձափնյա գոտում լրացուցիչ կառույցներ կային։ Համալիրի՝ գետին և դեպի Սիրմիում տանող կարևոր ճանապարհներին մոտ գտնվելը թույլ է տալիս ենթադրել, որ այն կարող էր կապված լինել ոչ միայն կայսերական նստավայրի, այլև քաղաքի վարչական ու լոգիստիկ ենթակառուցվածքների հետ։
Ուշ անտիկ շրջանում Սիրմիումը Հռոմեական կայսրության կարևորագույն քաղաքական, ռազմական և վարչական կենտրոններից էր։ Դրա նշանակությունը հատկապես մեծացավ այն ժամանակաշրջանում, երբ Բալկանները առանցքային դեր էին խաղում կայսերական քաղաքականության և ռազմական գործողությունների մեջ։
Նախագծին մասնակցում են Վարշավայի համալսարանի Միջերկրածովյան հնագիտության կենտրոնի, Բելգրադի Հնագիտության ինստիտուտի և Սրեմսկա Միտրովիցայի թանգարանի մասնագետները։ Լեհական խումբը ղեկավարում է Պյոտր Զակշևսկին, իսկ սերբականը՝ Ստեֆան Պոպ-Լազիչը։
Առաջին հետազոտական սեզոնը հիմնականում հետախուզական բնույթ է ունեցել։ Ստացված տվյալները հիմք կդառնան հետագա աշխատանքների համար, որոնք պետք է օգնեն որոշելու համալիրի չափերն ու դրա կապը Սավայի հովտի հետ, ինչպես նաև պարզելու՝ արդյոք հայտնաբերված կառույցներն իսկապես անտիկ աղբյուրներում հիշատակված Մաքսիմիանոսի պալատի մնացորդներն են։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
