Պատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմը

Կլիմայի փոփոխություն22:11 | նոյեմբերի 25, 2026Պատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Պատմության մեջ առաջին անգամ Երկրի մակերևույթի մոտ գլոբալ միջին ջերմաստիճանը վեց օր անընդմեջ առնվազն 2°C-ով բարձր է եղել նախաարդյունաբերական մակարդակից։ The Guardian-ի ստացած տվյալների համաձայն՝ այս ռեկորդային շարքը շարունակվում է, իսկ երկուշաբթի գերազանցումը հասել է 2,24°C-ի՝ դիտարկումների ամբողջ ժամանակահատվածի առավելագույն ցուցանիշին։ Կանխատեսումները վկայում են, որ անոմալ բարձր ջերմաստիճանները կարող են պահպանվել ևս մի քանի օր։
Գիտնականները զգուշացնում են, որ նման կարճ ժամանակահատվածը չի նշանակում, թե Փարիզյան համաձայնագրով սահմանված կլիմայական շեմն արդեն գերազանցվել է։ Սակայն դա տագնապալի ազդանշան է գլոբալ տաքացման հնարավոր հետևանքների մասին, եթե ջերմոցային գազերի արտանետումներն արագորեն չկրճատվեն։ Որոշ մասնագետներ նաև մտավախություն ունեն, որ տաքացումն արագանում է։
«Սա համաշխարհային մասշտաբով բացառիկ ջերմաստիճանային անոմալիա է»,- հայտարարել է «Կոպեռնիկուս» կլիմայի փոփոխության ծառայության ռազմավարական ուղղության ղեկավար Սամանթա Բերջեսը։ Նրա տվյալներով՝ ռեկորդային ջերմաստիճանները պահպանվում են արդեն մի քանի ամիս, իսկ ներկայիս ցուցանիշները հստակ ցույց են տալիս, թե որքան է փոխվել կլիման։
Նախկինում ջերմաստիճանը նախաարդյունաբերական մակարդակը 2°C-ով գերազանցել էր միայն երկու կարճ ժամանակահատվածում՝ 2023 թվականի նոյեմբերին և 2024 թվականի փետրվարին։ Սակայն այն ժամանակ անոմալիաներն ավելի կարճատև էին և չէին հասնում ներկայիս արժեքներին։ Berkeley Earth հետազոտական կազմակերպության կլիմայագետ Զիք Հաուսֆաթերը նշել է, որ նախորդ ռեկորդը՝ 2023 թվականին արձանագրված՝ 1850–1900 թվականների միջին մակարդակի նկատմամբ 2,05°C գերազանցումը, զգալիորեն գերազանցվել է։
Ներկայիս կտրուկ աճը բացատրվում է հանածո վառելիքի այրմամբ պայմանավորված երկարաժամկետ տաքացմամբ, ինչպես նաև հատկապես ուժեղ Էլ Նինյո երևույթով, որը մոտենում է իր գագաթնակետին։ Բերջեսի գնահատմամբ՝ համադրելի ուժգնությամբ վերջին Էլ Նինյոն դիտվել է 1870-ականներին և նպաստել զանգվածային սովին, որը շուրջ 50 միլիոն մարդու կյանք է խլել։ Սպասվում է, որ ներկայիս փուլն իր առավելագույնին կհասնի այս պահից մինչև հունվար ընկած ժամանակահատվածում, սակայն դրա ամբողջական ազդեցությունը կդրսևորվի մի քանի ամիս անց։
Լրացուցիչ տաքացման հետևանքներն արդեն իսկ մեծացնում են կլիմայական ռիսկերը։ Ինդոնեզիայի և Ամազոնիայի արևադարձային անտառներում երաշտներն ու հրդեհները թուլացնում են մթնոլորտից ածխաթթու գազ կլանելու էկոհամակարգերի կարողությունը։
Բրիտանական օդերևութաբանական ծառայությունն առաջիկա ամիսներին մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի զգալի աճ է կանխատեսում։ Հադլի կենտրոնում կլիմայական ազդեցությունների հետազոտությունների ղեկավար Ռիչարդ Բեթսին նշել է, որ այս տարվանից մինչև հաջորդ տարի ածխաթթու գազի կոնցենտրացիան կարող է աճել մոտ 3,5 մասով՝ մեկ միլիոնի հաշվով, ինչը մեկ երրորդով ավելի արագ է, քան վերջին տարիներին։
2015 թվականի Փարիզյան կլիմայական համաձայնագիրը նախատեսում է ձգտել գլոբալ ջերմաստիճանի աճը սահմանափակել 1,5°C-ով և այն պահել նախաարդյունաբերական մակարդակի համեմատ 2°C-ից զգալիորեն ցածր։ Ընդ որում, առանձին օրերի ընթացքում 1,5°C կամ 2°C շեմի գերազանցումը հավասարազոր չէ այդ նպատակների երկարաժամկետ խախտմանը. դրանց իրագործումը գնահատելիս հաշվի են առնվում բազմամյա միտումները։
Ծայրահեղ շոգի ուժգնացման պայմաններում գիտնականները կառավարություններին կոչ են անում միաժամանակ քաղաքներն ու ենթակառուցվածքները պատրաստել ավելի բարձր ջերմաստիճանների և արագացնել արտանետումների կրճատումը։ Ըստ հրապարակման մեջ ներկայացված գնահատականների՝ այս տարվա ամառային շոգը Եվրամիությունում ավելի քան 50 հազար, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 5000 մարդու մահվան պատճառ է դարձել։
Մասնագետները զգուշացնում են, որ հետագա տաքացումը մեծացնում է անտառային հրդեհների, ծխով օդի աղտոտման, պարենի և ջրի մատակարարման խափանումների վտանգը։ Առանց ածխաթթու գազի և այլ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման՝ կլիմայի փոփոխության հետևանքներն ավելի ու ավելի ծանր են դառնալու։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
