Թրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով

Թրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով

Մրցանակ17:51 | նոյեմբերի 25, 2026Թրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Թրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով<!—>

]—>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին հանձնել է Ազատության նախագահական մեդալը՝ երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևը, հայտնում է CBS News-ը։

Սպիտակ տունն ընդգծել է, թե Ջուլիանին ինչպիսի վաստակը ունի Նյու Յորքի համար՝ նախ որպես դաշնային դատախազ, ապա՝ որպես քաղաքապետ։ Պարգևատրման արարողությունը նախատեսված էր անցկացնել Օվալաձև աշխատասենյակում՝ ԱՄՆ արևելյան ժամանակով ժամը 11:00-ին։

«Քաղաքապետ Ռուդի Ջուլիանին նվիրված պետական ծառայող է, որի վճռական առաջնորդությունը տևական ազդեցություն է թողել Նյու Յորքի և մեր երկրի վրա», — հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Օլիվիա Ուեյլսը։

Նրա խոսքով՝ Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատախազի պաշտոնում Ջուլիանին պատասխանատվության է ենթարկել մաֆիոզ խմբավորումների պարագլուխներին և անհաշտ պայքար մղել հանցավորության դեմ։

Ուեյլսի գնահատմամբ՝ քաղաքապետի պաշտոնում նա հանցավորության բարձր մակարդակ ունեցող Նյու Յորքը վերածել է աշխարհի ամենաանվտանգ խոշոր քաղաքներից մեկի՝ ընդլայնելով տնտեսական հնարավորություններն ու նպաստելով մշակույթի զարգացմանը։ Ուեյլսը նաև ընդգծել է նրա առաջնորդությունը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո։

Ջուլիանին հայտարարել է, որ պարգևը մեծ պատիվ է համարում և խոնարհությամբ է ընդունում իր վաստակի ճանաչումը։

Ջուլիանիին պարգևատրելու մտադրության մասին Թրամփը հայտարարել էր 2025 թվականի սեպտեմբերին՝ նրան անվանելով «Նյու Յորքի պատմության մեծագույն քաղաքապետ» և «ամերիկացի մեծ հայրենասեր»։ Դրանից մի քանի օր առաջ նախկին քաղաքապետը Նյու Հեմփշիրում ավտովթարի էր ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց։

Նախագահ Ջոն Քենեդին Ազատության նախագահական մեդալը սահմանել է 1963 թվականին։ Այն փոխարինել է 1945 թվականին նախագահ Հարի Թրումենի սահմանած Ազատության մեդալին։

Մեդալով պարգևատրում են այն մարդկանց, որոնք նշանակալի ավանդ են ներդրել ԱՄՆ անվտանգության և ազգային շահերի ապահովման, աշխարհում խաղաղության հաստատման, մշակույթի, ինչպես նաև հանրային կամ մասնավոր այլ նախաձեռնությունների զարգացման գործում։

ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության տվյալներով՝ իր երկու նախագահական ժամկետների ընթացքում Թրամփը մինչ այժմ այս մեդալով պարգևատրել է 26 մարդու։ Ջուլիանին երրորդն է, որն այն ստացել է Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում։

Ավելի վաղ Թրամփը հետմահու պարգևատրել էր Յուտա նահանգի համալսարանական ավանում սպանված պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքին և սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ զոհված Բոստոնի քոլեջի շրջանավարտ Ուելս Քրաութերին։

Թրամփը նաև հայտարարել էր նախկին նյարդավիրաբույժ Բեն Քարսոնին, ԱՄՆ հոկեյի տղամարդկանց հավաքականի դարպասապահ Քոնոր Հելեբայքին և Բեյսբոլի գլխավոր լիգայի նախկին նետող Ռոջեր Քլեմենսին պարգևատրելու մտադրության մասին։ Քարսոնը Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում ղեկավարել է Բնակարանաշինության և քաղաքաշինության նախարարությունը։

Ջուլիանին լայն ճանաչում է ձեռք բերել 1990-ականներին՝ Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո նրան սկսել են անվանել «Ամերիկայի քաղաքապետ»։

2008 թվականին նա պայքարում էր Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու դառնալու համար, սակայն Ֆլորիդայի նախնական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցնելուց հետո դադարեցրել է քարոզարշավը։

Հետագայում Ջուլիանին դարձել է Թրամփի մտերիմ ընկերն ու խորհրդականը, իսկ 2020 թվականի ընտրությունների ժամանակ եղել է նրա անձնական փաստաբանը։

Հասանելի է

русский

Թեմա

ՄրցանակՔաղաքականություն

Անձ

Դոնալդ ԹրամփՌուդի Ջուլիանի

Տեղադրություն

ԱՄՆ