Լեհաստանն իր տարածքում ռուսական հրթիռների ընկնելուց հետո ՌԴ դեսպանին բողոքի խիստ նոտա է հանձնել

Օդային տարածք23:25 | նոյեմբերի 24, 2026Լեհաստանն իր տարածքում ռուսական հրթիռների ընկնելուց հետո ՌԴ դեսպանին բողոքի խիստ նոտա է հանձնել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեսպան Գեորգի Միխնոյին խիստ դիվանագիտական նոտա է հանձնել՝ ռուսական Х-101 թևավոր հրթիռներով Լեհաստանի օդային տարածքը խախտելու կապակցությամբ։ Դրա մասին երեքշաբթի հայտնել է Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մացեյ Վևյուրը, գրում է Polsat News-ը։
Ըստ նրա՝ Ռուսաստանի դեսպանին վճռական բողոք է հայտնվել այն գործողությունների դեմ, որոնք սպառնալիք են ստեղծում Լեհաստանի օդային տարածքի, նրա քաղաքացիների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների անվտանգության համար։
«Դիվանագիտության մեջ յուրաքանչյուր բառ և յուրաքանչյուր ազդակ նշանակություն ունեն, ուստի ընդգծեմ՝ դա խիստ նոտա էր»,- Միխնոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վևյուրը։
Ռուսաստանի դեսպանի կանչը կապված էր ուրբաթ տեղի ունեցած միջադեպի հետ, երբ Ուկրաինային Ռուսաստանի հարվածի ժամանակ ռուսական հրթիռները խախտել էին Լեհաստանի օդային տարածքը։ Բեկորներ էին հայտնաբերվել երեք բնակավայրում՝ Լյուբլինի վոյեվոդության Նովի Լիպովեցում, ինչպես նաև Ենթակարպատյան վոյեվոդության Ռուդնիկ-նադ-Սանեմում և Մոլոդիչում։ Ավելի ուշ պարզվել էր, որ դրանք ռուսական Х-101 թևավոր հրթիռներ էին։
Շաբաթ օրը Լեհաստանի արտգործնախարար, փոխվարչապետ Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ Վարշավան ռուսական կողմին կհայտնի տեղի ունեցածի առնչությամբ իր «ծայրահեղ դժգոհության» մասին։
Եվս մեկ միջադեպ է տեղի ունեցել երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը։ Լեհաստանի զինված ուժերի զորատեսակների օպերատիվ հրամանատարության տվյալներով՝ Ուկրաինայի արևմտյան շրջաններին Ռուսաստանի օդային հարվածի ժամանակ ռուսական անօդաչու թռչող սարքը կարճ ժամանակով խախտել է երկրի օդային տարածքը։
Լեհ զինվորականները ստացել էին օբյեկտը ոչնչացնելու թույլտվություն, սակայն ի վերջո որոշել էին զենք չկիրառել։ Որոշումն ընդունվել էր, երբ անօդաչու սարքը փոխել էր ուղղությունն ու շարժվել դեպի արևելք, ինչպես նաև հաշվի առնելով խաղաղ բնակչության համար հնարավոր սպառնալիքն ու սարքի ոչնչացման հետևանքները։
Սա առաջին դեպքը չէ, երբ Վարշավան Մոսկվայի գործողությունների պատճառով կանչում է Ռուսաստանի դեսպանին։ Սեպտեմբերին Լեհաստանը նմանատիպ դիվանագիտական քայլ էր ձեռնարկել՝ ի նշան Գերմանիայի հետ համերաշխության, որի իշխանությունները Ռուսաստանին մեղադրել էին Լայպցիգի օդանավակայանի վրա անօդաչու սարքերով հարձակման փորձի մեջ։ Այն ժամանակ Բեռլինը հայտարարել էր Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Բեռլինում Ռուսական տան փակման մասին։
Այդ անգամ Սիկորսկին հայտարարել էր, որ Լեհաստանը մտադիր է վճռականորեն դատապարտել «Ռուսաստանի Դաշնության կողմից պետական ահաբեկչությունը»՝ ընդգծելով, որ դաշնակիցներից մեկի խնդիրը ամբողջ դաշինքի խնդիրն է։
Ռուսական կողմը հերքել էր մեղադրանքները։ Սեպտեմբերին Լեհաստանի ԱԳՆ-ում անցկացված հանդիպումից հետո Միխնոն հայտարարել էր, որ իրեն որևէ ապացույց չեն ներկայացրել, իսկ Մոսկվայի դեմ մեղադրանքներն անվանել էր «բացարձակապես անհիմն, անհեթեթ և ողջախոհությանը հակասող»։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Օդային տարածքՔաղաքականությունՈւկրաինայի պատերազմ
Տեղադրություն
