Գերմանիայում մեկնարկել է Volkswagen-ի դիզելային սկանդալի գործով հինգերորդ դատավարությունը

Դատարան20:52 | նոյեմբերի 24, 2026Գերմանիայում մեկնարկել է Volkswagen-ի դիզելային սկանդալի գործով հինգերորդ դատավարությունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Գերմանիայում մեկնարկել է Volkswagen-ի ավտոմեքենաների արտանետումների ցուցանիշների կեղծման գործով հինգերորդ դատավարությունը։ Բրաունշվայգի երկրամասային դատարանի առջև կանգնել են ավտոկոնցեռնի վեց նախկին ղեկավարներ ու աշխատակիցներ, որոնք մեղադրվում են խարդախության մեջ, հայտնում է dpa-ն։
Բնապահպանական թեստերի արդյունքները խեղաթյուրելու համար ապօրինի ծրագրային ապահովման օգտագործմանն առնչվող սկանդալը բացահայտվել է ավելի քան 11 տարի առաջ։ Դատարանի տվյալներով՝ խախտումներն առնչվել են ավելի քան 9 միլիոն ավտոմեքենայի։ Ներկայիս դատավարությամբ մեկնարկել է այս գործով վերջին խոշոր քրեական դատաքննությունը։
Ըստ մեղադրանքի՝ վեց ամբաստանյալները, ղեկավար պաշտոններ զբաղեցնելով, միջոցներ չեն ձեռնարկել ավտոմեքենաների արտադրությունն ու վաճառքը դադարեցնելու համար, թեև իմացել են արտանետումների ստուգումները շրջանցելու հնարավորություն տվող սարքերի օգտագործման մասին։
Մեղադրանքների հրապարակումը տևել է մոտ մեկուկես ժամ։ Դրանից հետո երկու ամբաստանյալների փաստաբանները հանդես են եկել բացման ելույթներով՝ հերքելով մեղադրանքները և վստահություն հայտնելով, որ իրենց պաշտպանյալները կարդարացվեն։
Յոթերորդ մեղադրյալի նկատմամբ գործը կարճվել է նոյեմբերին՝ որոշակի պայմանների պահպանմամբ, հայտնել է դատարանի ներկայացուցիչը։
Գործի քննության համար նախատեսված է ավելի քան 150 դատական նիստ, որոնք կշարունակվեն մինչև 2028 թվականի դեկտեմբեր։
2025 թվականին՝ գրեթե չորս տարի տևած դատաքննությունից հետո, դատարանը Volkswagen-ի չորս նախկին ղեկավարների մեղավոր է ճանաչել խարդախության մեջ։ Նրանցից երկուսը պետք է դատապարտվեն երկարամյա ազատազրկման, իսկ ևս երկու նախկին աշխատակիցների նկատմամբ նշանակվել է պայմանական ազատազրկում։ Վճիռը բողոքարկվել է, ուստի այն դեռ օրինական ուժի մեջ չի մտել։
Նոր դատավարության մեկնարկով Բրաունշվայգում միաժամանակ քննվում է դիզելային սկանդալի հետ կապված չորս գործ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԴատարանՇրջակա միջավայրԽարդախություն
Տեղադրություն
Կազմակերպություն
