Հրկիզումներ, լրտեսություն, ահաբեկում․ Լոնդոնը գուշացրել է Կիևին օգնող ընկերությունների դեմ հնարավոր դիվերսիաների մասին

Լրտեսություն18:50 | նոյեմբերի 24, 2026Հրկիզումներ, լրտեսություն, ահաբեկում․ Լոնդոնը գուշացրել է Կիևին օգնող ընկերությունների դեմ հնարավոր դիվերսիաների մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ուկրաինայի զինված ուժերին աջակցող բրիտանական ընկերություններն ու կազմակերպությունները կարող են դառնալ ռուսական դիվերսիաների թիրախ, հայտնում է Sky News-ը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը և Պաշտպանական անվտանգության ազգային վարչությունը (NPSA), որը պատասխանատու է MI5-ի աշխատանքի համապատասխան ուղղության համար, նրանց կոչ են արել անհապաղ ուժեղացնել անվտանգության միջոցառումները։
Գերատեսչությունների համատեղ նախազգուշացումը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք Ուկրաինային մատակարարում են սպառազինության բաղադրիչներ, սարքավորումներ և մատուցում լոգիստիկ ծառայություններ, ինչպես նաև ներգրավված են ռազմական մատակարարումների շղթաներում։
«Եթե ձեր կազմակերպությունն աջակցում է ռազմական գնումներին կամ սարքավորումներ է մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին, այն կարող է թիրախ դառնալ։ Դա վերաբերում է նաև մատակարարման շղթայում ընդգրկված կազմակերպություններին»,- ասվում է նախազգուշացման մեջ։
Բրիտանական գերատեսչությունների տվյալներով՝ վերջին ամիսներին Ռուսաստանն ակտիվացրել է Եվրոպայում պաշտպանական արդյունաբերության հետ կապված օբյեկտների դեմ դիվերսիաներ իրականացնելու փորձերը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, դրա համար սովորաբար ներգրավվում են միջնորդներ, որոնք կիրառում են համեմատաբար պարզ մեթոդներ, դրանց թվում՝ հրկիզումներ։
Նման գործողություններն ուղղված են Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը խաթարելուն։ Բացի դիվերսիաներից, դրանք կարող են ներառել ահաբեկում, լրտեսություն և տեղեկատվական գործողություններ։
Բրիտանական իշխանություններն ընկերություններին խորհուրդ են տվել նվազեցնել կազմակերպությունների և աշխատակիցների մասին հանրամատչելի ավելորդ տեղեկությունների ծավալը, ինչպես նաև համացանցում շփվելիս ու աշխատելիս պահպանել նախազգուշական ուժեղացված միջոցներ։
Բացի դրանից, անձնակազմին պետք է սովորեցնել ճանաչել կասկածելի հետախուզական գործունեությունը, ապահովել անձնական անվտանգությունը և ժամանակին հաղորդել հնարավոր սպառնալիքների մասին։
Գերատեսչությունները միաժամանակ կոչ են արել ընկերություններին առանձնացնել առավել կարևոր օբյեկտներն ու ռեսուրսները և ապահովել դրանց պաշտպանությունը, պարբերաբար ստուգել տեսահսկման համակարգերը, մուտքերի պահպանությունն ու մուտքի վերահսկողությունը։ Կազմակերպություններին խորհուրդ է տրվում վարժանքների միջոցով մշակել կասկածելի ակտիվություն հայտնաբերելու դեպքում գործողությունների կարգը։
Նախազգուշացման մեջ ընդգծվում է, որ ընկերությունները պետք է միջոցներ ձեռնարկեն արդեն հիմա՝ նվազեցնելու հավանականությունը, որ իրենց աշխատակիցները, օբյեկտները կամ գործունեությունը թշնամական գործողությունների թիրախ կդառնան։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
