Բրիտանիայում այցելուների համար բացել են Չերչիլի գաղտնի բունկերը, որտեղ եղել է հրետանու նշանառման առաջին համակարգիչներից մեկը

Անգլիա17:23 | նոյեմբերի 15, 2026Բրիտանիայում այցելուների համար բացել են Չերչիլի գաղտնի բունկերը, որտեղ եղել է հրետանու նշանառման առաջին համակարգիչներից մեկը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Անգլիայի հարավ-արևելքում՝ Դուվրի սպիտակ ժայռերում, այցելուների համար առաջին անգամ բացել են գաղտնի ռազմական բունկերը, որը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հրամանով, գրում է The Guardian-ը։
Մոտ չորս մետր խորության վրա գտնվող ստորգետնյա տարածքը հրետանու կառավարման կենտրոն է ծառայել։ Այստեղ է եղել ցամաքային տեղակայման առաջին համակարգչայնացված նշանառման համակարգերից մեկը։
Ֆեն Բեյի շրջանում գտնվող կրակի կառավարման սենյակը պաշտպանական համակարգի մաս էր, որը նախատեսված էր Դուվրը պաշտպանելու և Լա Մանշով անցնող գերմանական նավերը գնդակոծելու համար։
Պեղումները ղեկավարած՝ Մեծ Բրիտանիայի Ազգային հիմնադրամի ներկայացուցիչ Ջոն Բարքերը նշել է, որ այնտեղ տեղադրված սարքավորումները փաստացի հրետանային մարտկոցի «ուղեղի» դերն էին կատարում։
Բունկերի պատմությունն անմիջականորեն կապված է Չերչիլի հետ։ 1940 թվականի ամռանը՝ լողափերում կռվելու բրիտանացիների պատրաստակամության մասին իր հայտնի ելույթից հետո, նա այցելել է Քենթ կոմսության ափ և անհանգստացել, որ գերմանական նավերն անարգել անցնում են Դուվրի նեղուցով։ Միաժամանակ բրիտանական ափը պարբերաբար գնդակոծվում էր Ֆրանսիայի օկուպացված տարածքում տեղակայված գերմանական հրանոթներից։
1940 թվականի հուլիսին Չերչիլը հրամայել է ուժեղացնել նեղուցի հրետանային պաշտպանությունը և պահանջել կիրառել ամենաառաջադեմ տեխնոլոգիաները։ Նա նաև պնդել է, որ աշխատանքների ընթացքի մասին շաբաթական հաշվետվություններ ներկայացվեն։ Հրանոթները պատրաստ էին 100 օրից էլ պակաս ժամանակում, իսկ բունկերի կառուցումն ավարտվել է ևս 64 օր անց։ Տեղացիները հրետանային կայանքներին տվել են «Չերչիլի սիրելիներ» մականունը։
Ներսում տեղակայված էր մոտ 1,8 մետր երկարությամբ էլեկտրամեխանիկական հաշվողական համալիր, որը հայտնի էր որպես կրակի կառավարման սեղան։ Այն հաշվարկում էր շարժվող նավերի դիրքը արկերի հարվածի պահին և հաշվարկների արդյունքները փոխանցում հրետանային անձնակազմերին։ Բարքերի կարծիքով, դա սովորական քարտեզ չէր՝ տեղաշարժվող նշիչներով, ինչպես հաճախ ցույց են տալիս պատերազմական ֆիլմերում, այլ իր ժամանակի համար եզակի համակարգիչ։
Բունկերը հայտնաբերել են 2017 թվականին։ Մինչև այդ՝ 1957 թվականին, այն կոնսերվացվել էր, իսկ դրա մասին տեղեկությունները գաղտնի էին մնացել մինչև 1981 թվականը։ Համակարգիչը 1957 թվականին միտումնավոր ոչնչացրել էին, որպեսզի այն չհայտնվի հակառակորդի ձեռքում։
Այժմ տարածքը պահպանվել է գրեթե այն տեսքով, որով այն հայտնաբերել են հետազոտողները։ Հատակին մնացել են հին թերթեր ու կոշիկներ, պատերին՝ ծառայողական հայտարարություններ ու գրություններ, այդ թվում՝ գրաֆիտի, որը, ենթադրաբար, թողել են մալուխներ անցկացնող բանվորները։
Սենյակում միաժամանակ կարող էր աշխատել մինչև տասը մարդ, սակայն օպերատորների մեծ մասի ինքնությունը մինչև օրս անհայտ է։ Հետազոտողները հույս ունեն գտնել այնտեղ ծառայած զինվորականների հարազատներին և լրացուցիչ տեղեկություններ ստանալ սարքավորումների աշխատանքի մասին։
Բունկեր կարելի է այցելել Մեծ Բրիտանիայի Ազգային հիմնադրամի կազմակերպած էքսկուրսիաների շրջանակում։ Ըստ Բարքերի, պահպանված տարածքը հնարավորություն է տալիս ծանոթանալու երկրի ռազմական պատմության քիչ հայտնի կողմին՝ առանց անցյալը վերստեղծելու փորձի. այցելուները հայտնվում են մի տարածքում, որը գրեթե չի փոխվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
