Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի սահմանին կենսաչափական վերահսկողություն կիրականացվի անմիջապես ավտոմեքենաների միջից

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի սահմանին կենսաչափական վերահսկողություն կիրականացվի անմիջապես ավտոմեքենաների միջից

Կենսաչափություն12:36 | նոյեմբերի 14, 2026Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի սահմանին կենսաչափական վերահսկողություն կիրականացվի անմիջապես ավտոմեքենաների միջից
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի սահմանին կենսաչափական վերահսկողություն կիրականացվի անմիջապես ավտոմեքենաների միջից<!—>

]—>

Բրիտանական Ֆոլքսթոն և ֆրանսիական Կալե քաղաքների Eurotunnel-ի տերմինալներում նախատեսվում է ներդնել անձնագրային վերահսկողության և կենսաչափական տվյալների հավաքագրման համակարգ, որը վարորդներին ու ուղևորներին թույլ կտա ստուգումներն անցնել՝ առանց ավտոմեքենաներից դուրս գալու։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։

Նոր տեխնոլոգիան կոչված է կանխելու բազմակիլոմետրանոց խցանումներն ու քաոսը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի սահմանին՝ Եվրոպական մուտքի և ելքի համակարգի (EES) ներդրման պայմաններում։

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել տեսախցիկների համակարգի փորձարկմանը, հավելոլով, որ այն թույլ կտա վերահսկել մատնահետքերի հանձնման և դեմքի լուսանկարման գործընթացը։ Նմանատիպ տեխնոլոգիաներ արդեն կիրառվում են Հռոմի և Փարիզի օդանավակայաններում։ Սահմանի երկու կողմերում տեղադրվել է նման տեսախցիկներով հագեցած 120 կրպակ։ Ողջ գործընթացին հեռավար կհետևեն ոստիկանության աշխատակիցները։

Վարորդներն ու ուղևորներն այլևս ստիպված չեն լինի դուրս գալ մեքենաներից և գնալ տերմինալներ՝ կենսաչափական ստուգում անցնելու համար։ Յուրաքանչյուր ավտոմեքենա կկարողանա մոտենալ առանձին կրպակի, որտեղ նախատեսված է երկու կետ՝ անձնագրերի ստուգման, մատնահետքերի հանձնման և դեմքի լուսանկարման համար։

Eurotunnel-ի սեփականատեր Getlink ընկերության ղեկավար Յան Լերիշը նշել է, որ վերահսկողության կազմակերպման նախկին տարբերակները կարող էին լուրջ խցանումներ և անհարմարություններ առաջացնել ուղևորների համար։ Մասնավորապես, քննարկվում էր պլանշետների միջոցով կենսաչափական տվյալների ինքնուրույն հավաքագրման կամ ուղևորներին տերմինալների շենքեր ուղարկելու տարբերակը։ Սակայն երկու դեպքում էլ մատնահետքերի առաջին հանձնման ժամանակ պահանջվում էր ոստիկանների անմիջական ներկայությունը։

«Մենք իշխանություններին զգուշացրինք, որ դա կհանգեցնի քաոսի։ Շատերը կգնան սխալ ուղղությամբ, իսկ ոստիկանները չեն կարող անընդհատ տեղից տեղ վազել՝ ծագող խնդիրները լուծելու համար։ Բացի այդ, դա բացասաբար կազդի ուղևորների հարմարավետության վրա»,– պարզաբանել է Լերիշը։

Փորձաշրջանը կտևի երկու տարի։ Եթե փորձարկումը հաջողվի, ընկերությունը նախատեսում է համակարգը կիրառել մշտապես։ Նախագծում հաշվի է առնվել նաև ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանային վերահսկողության փորձը, որտեղ վարորդներն ու ուղևորները ստուգումներ են անցնում՝ մնալով մեքենաների մեջ։

Նոր համակարգի նպատակն է հեշտացնել Եվրոպական մուտքի և ելքի համակարգի (EES) ներդրումը։ Այն պահանջում է, որ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները, այդ թվում՝ բրիտանացիները, Շենգենյան գոտի մուտք գործելիս և այնտեղից հեռանալիս հանձնեն մատնահետքեր և դեմքի լուսանկարներ։ EES-ի լիարժեք գործարկումը բազմիցս հետաձգվել է տեխնիկական խնդիրների պատճառով։ Ըստ հրապարակման՝ ԵՄ 27 երկրներից ինը, ներառյալ Ֆրանսիան, դեռևս ամբողջությամբ չեն ներդրել այս համակարգը։

Լերիշը հայտնել է, որ տերմինալներում սարքավորումներն արդեն տեղադրված են, սակայն ֆրանսիական համակարգին միացումը դեռևս չի գործում։ Առայժմ հայտնի չէ, թե Ֆրանսիան երբ կներդնի նոր կարգը։ Այս շաբաթ հայտնի է դարձել նաև, որ ԵՄ-ն դատական հայց է ներկայացրել EES-ի ներդրման գործընթացում ներգրավված IBM-ի և ևս երկու ընկերության դեմ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԿենսաչափությունՍահմանի հատումՏրանսպորտ

Տեղադրություն

ՖրանսիաՄիացյալ Թագավորություն

Աղբյուրը՝ NEWS.am