Պենտագոնի վերլուծաբանները հրապարակել են 2027-ին Պուտինի մահվան և 2030 թվականին Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմի սցենարը

ՆԱՏՕ12:35 | նոյեմբերի 12, 2026Պենտագոնի վերլուծաբանները հրապարակել են 2027-ին Պուտինի մահվան և 2030 թվականին Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմի սցենարը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ կառավարության ու Պենտագոնի պատվերներով աշխատող ամերիկյան Rand Corp վերլուծական կենտրոնը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ապագայի վերաբերյալ սցենար է հրապարակել, որի հիմքում առաջիկա երեք ամսում Վլադիմիր Պուտինի մահվան վարկածն է։
Ըստ այդ հիպոթետիկ սցենարի՝ Ստալինի ժամանակներից ի վեր Ռուսաստանն ամենաերկարը ղեկավարող 74-ամյա Պուտինը 2027 թվականի հունվարին մահանում է «բնական պատճառներով»։ Երկրում առաջանում է «իշխանության վակուում», և նախագահի աթոռի համար էլիտաների պայքարում հաղթում են հատուկ ծառայությունները։ Ինչպես նշվում է Rand-ի զեկույցում, 2027-ի մարտին Կրեմլը Պուտինի պաշտոնական իրավահաջորդ է հռչակում «ԱԴԾ նախկին գեներալի»։ Վերլուծաբաններն ընդգծում են, որ խոսքը ոչ թե կանխատեսման, այլ զուտ «հիպոթետիկ սցենարի» մասին է։
2027-ի ապրիլին՝ նոր նախագահի օրոք, պատժամիջոցների մասնակի վերացման դիմաց Ռուսաստանը զինադադար է կնքում Ուկրաինայի հետ։ Սակայն արդեն հուլիսին խաղաղության բանակցությունները փակուղի են մտնում, քանի որ Կրեմլի նպատակները չեն փոխվում. Մոսկվան զորքերը թողնում է գրավյալ տարածքներում և դրանք հայտարարում իրենը։
Մինչև 2028 թվականի հունվար ՌԴ նոր նախագահը Կրեմլում Պուտինի մերձավոր զինակիցներին փոխարինում է իրեն հավատարիմ մարդկանցով, բայց բախվում է խորացող տնտեսական ու սոցիալական ճգնաժամի, այդ թվում՝ ուկրաինական պատերազմում կրած կորուստների պատճառով։
Չունենալով Պուտինի երբեմնի հենարանը՝ նա, ըստ սցենարի, հայտնվում է ՆԱՏՕ-ի դեմ կոշտ քայլեր պահանջող ռազմատենչ «բազեների» ազդեցության տակ։ Նույն՝ 2028 թվականին Ռուսաստանը հիբրիդային արշավ է սկսում դաշինքի եվրոպական երկրների դեմ։
Վերլուծաբանների սցենարով՝ 2029 թվականին ԱՄՆ-ը բախվում է Հարավային Ամերիկայում բռնկված ճգնաժամի, որտեղ բռնությունների ու հակամարտությունների ալիք է տարածվում։ Հաշվարկելով, որ Վաշինգտոնը տարված է սեփական աշխարհամասի խնդիրներով՝ Կրեմլը հրամայում է ռազմական գործողություն սկսել Էստոնիայի դեմ։
Ըստ Rand-ի՝ այն մեկնարկում է 2030 թվականի մայիսին։ Օգտագործելով ռուսալեզու համայնքի հետ կապերը՝ Մոսկվան բողոքի ցույցեր է հրահրում Նարվայում։ Դրանք վերաճում են անկարգությունների, որոնք Էստոնիայի իշխանությունները ճնշում են ուժով։ Ի պատասխան՝ ՌԴ նոր նախագահը ռուսալեզու բնակչությանը պաշտպանելու պատրվակով զորք է մտցնում Նարվա։
Հակառակ Կրեմլի հաշվարկների՝ ՆԱՏՕ-ն արձագանքում է՝ գործի դնելով կանոնադրության 5-րդ հոդվածը, և զորք է ուղարկում պաշտպանելու Էստոնիան։ Հունիսին ռուսական ուժերի և դաշինքի զորքերի միջև սկսվում են լիարժեք մարտական բախումներ, որոնք շարունակվում են մինչև 2030-ի հոկտեմբեր։ Ռուսաստանն ակտիվացնում է դիվերսիոն գործողությունները Մեծ Բրիտանիայի դեմ, սակայն ամեն կերպ շրջանցում է Թուրքիան, որն էլ, ըստ Rand-ի, չեզոք դիրք է բռնում։ Այդուհանդերձ, հակամարտությունն ընդլայնվում է. կիբեռհարձակումներն ու մարտական գործողություններն ընդգրկում են ՆԱՏՕ-ի արևելյան և հարավային թևերը։
Մի քանի ամիս տևած ինտենսիվ մարտերից հետո՝ 2030 թվականի նոյեմբերին, նախնական զինադադար է կնքվում։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ Եվրոպան դժվարանում է ապահովել իր զորքերի մատակարարումը, իսկ ՌԴ նոր նախագահը հայտնվում է ներքին ճնշման տակ, քանի որ չի կարողանում արագ հաղթել Էստոնիային։
Գրավելով Նարվան՝ նա հայտարարում է գործողության ավարտի մասին և ՆԱՏՕ-ին զինադադար առաջարկում։ 2031-ի հունվարի դրությամբ հրադադարը պահպանվում է, բայց խաղաղության բանակցությունները փակուղում են։ «Եվրոպայում հերթական «սառեցված» հակամարտության հեռանկարն ու աճող ապակայունացումը հարվածում են ՆԱՏՕ-ի հեղինակությանը՝ ստեղծելով անվտանգային անորոշ ու անկայուն միջավայր։ Արդյունքում հարցականի տակ է դրվում եվրոպական անվտանգության ապագան»,- եզրափակում է Rand-ը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Պատմություն
Թեմա
Տեղադրություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
