Փեզեշքիանը գագաթնաժողովում կոչ է արել ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել Իրանին հասցված բնապահպանական վնասի համար

Կլիմայի փոփոխություն23:55 | նոյեմբերի 11, 2026Փեզեշքիանը գագաթնաժողովում կոչ է արել ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել Իրանին հասցված բնապահպանական վնասի համար
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել պատերազմի ընթացքում Իրանին հասցված բնապահպանական վնասի համար։ Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում կայացած առաջնորդների գագաթնաժողովում, հայտնում է Mehr-ը։
Փեզեշքիանի կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է վերանայի շրջակա միջավայրի վիճակի համար ընդհանուր պատասխանատվության, կլիմայական արդարության և խաղաղության ու բնապահպանական անվտանգության անքակտելի կապի վերաբերյալ մոտեցումները։
Նա ընդգծել է, որ հողին, ջրին, օդին և բնական պաշարներին վնաս հասցնող պատերազմները հանգեցնում են բնապահպանական հետևանքների, որոնք կարող են պահպանվել մի քանի սերունդ շարունակ։ Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին հարվածներին՝ ԻԻՀ նախագահը նշել է, որ դրանք հանգեցրել են մարդկային և տնտեսական զգալի կորուստների, ինչպես նաև լուրջ վնաս են հասցրել շրջակա միջավայրին։
Նրա ներկայացրած գնահատականներով՝ Ասալույեում վառելիքային օբյեկտների վրա հարձակումների հետևանքով մթնոլորտ է արտանետվել շուրջ 500 հազար տոննա աղտոտող նյութ։ Թեհրանի շրջանում նավթապահեստներին հասցված հարվածները հանգեցրել են մոտ մեկ միլիոն տոննա ածխաթթու գազի արտանետման։
Փեզեշքիանը ռազմական գործողությունների բնապահպանական հետևանքները հակասող է համարել ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված համաշխարհային ջանքերին։ Նրա բնորոշմամբ՝ վառելիքի սպառումը, պայթյունները, ենթակառուցվածքների ոչնչացումն ու լայնածավալ հրդեհները կարող են ի չիք դարձնել կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված բազմամյա ջանքերը։
Նախագահը միաժամանակ հիշատակել է բնության հատուկ պահպանվող տարածքներին և բնապահպանական տեսուչների հենակետերին հասցված հարվածները՝ ընդգծելով, որ այդ օբյեկտները մարդկության ընդհանուր ժառանգությունն են և պետք է պահպանվեն ներկա ու ապագա սերունդների համար։
Փեզեշքիանը կոչ է արել բնապահպանական վնասի փաստագրման, դրա կանխարգելման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ավելի արդյունավետ մեխանիզմներ ստեղծել։ Նա առաջարկել է նաև խաղաղ ժամանակ պետությունների կլիմայական պարտավորությունները կապել զինված հակամարտությունների ընթացքում նրանց պատասխանատվության հետ և ուժեղացնել ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած բնապահպանական կորուստների փոխհատուցման մեխանիզմները։
Անդրադառնալով Իրանի էներգետիկ քաղաքականությանը՝ երկրի նախագահը նշել է, որ երկիրը շարունակել է զարգացնել վերականգնվող էներգետիկան՝ չնայած պատժամիջոցներին և միջազգային ֆինանսավորման ու տեխնոլոգիաների հասանելիության սահմանափակումներին։ Վերջին երկու տարում Իրանում վերականգնվող էներգետիկայի տեղակայված հզորությունը մոտ 1250 մեգավատտից աճել է՝ հասնելով ավելի քան 6150 մեգավատտի։
Փեզեշքիանի գնահատմամբ՝ ընթացիկ տարում մաքուր աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը գերազանցել է 4,5 միլիարդ կիլովատտ-ժամը։ Դա հնարավորություն է տվել կանխել շուրջ 2,5 միլիոն տոննա ածխաթթու գազի արտանետումը մթնոլորտ։
«Երկիրը չի պատկանում որևէ երկրի կամ որևէ սերնդի։ Այն մեզ վստահված ժառանգություն է, որը պետք է անվնաս փոխանցել ապագա սերունդներին»,- հայտարարել է Իրանի նախագահը։
Նա ընդգծել է, որ խաղաղությունը շրջակա միջավայրի պաշտպանության անհրաժեշտ պայմանն է, իսկ բնապահպանական անվտանգությունն իր հերթին կայուն խաղաղության պայմանն է։ Փեզեշքիանը նաև վերահաստատել է արդար և պատասխանատու միջազգային համագործակցության Իրանի պատրաստակամությունը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Կլիմայի փոփոխությունՔաղաքականություն
Տեղադրություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
