Լիբանանի ավելի քան մեկ միլիոն բնակիչ բախվել է պարենի սուր պակասի. ՄԱԿ
Տնտեսություն21:08 | նոյեմբերի 11, 2026Լիբանանի ավելի քան մեկ միլիոն բնակիչ բախվել է պարենի սուր պակասի. ՄԱԿ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
]—>
Լիբանանի ավելի քան մեկ միլիոն բնակիչ պարենի սուր պակաս է զգում տարիներ շարունակվող զինված հակամարտությունների և տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Իրավիճակի մասին չորեքշաբթի նախազգուշացրել են ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և Լիբանանի գյուղատնտեսության նախարարությունը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Ըստ նրանց համատեղ հայտարարության՝ երկրի բնակչության գրեթե մեկ քառորդը բախվում է պարենի սուր պակասի՝ ճգնաժամային մակարդակի կամ էլ ավելի ծանր իրավիճակի։ Կազմակերպությունները կոչ են արել «հրատապ միջոցներ» ձեռնարկել կարիքավորներին օգնություն ցուցաբերելու համար։ Նրանց կանխատեսումներով՝ մինչև 2027 թվականի կեսը պարենի պակաս զգացող բնակիչների թիվը կարող է հասնել 1,15 միլիոնի։
«Աշխատանքի տեղավորման հնարավորությունները շարունակում են սահմանափակ մնալ, խնայողությունները սպառվել են, պարտքային բեռը մնում է բարձր, իսկ սննդամթերքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գները շարունակում են ճնշում գործադրել ընտանեկան բյուջեների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
ՄԱԿ-ն այդ կատեգորիային է դասում այն տնային տնտեսությունները, որոնք բախվում են թերսնուցման կամ կարողանում են բավարարել միայն նվազագույն կարիքները՝ արտակարգ միջոցների, օրինակ՝ գույքի վաճառքի հաշվին։
Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Լիբանանի հարավի՝ զինված հակամարտություններից տուժած շրջաններում, ինչպես նաև երկրի հյուսիսի և արևելքի աղքատ շրջաններում։
Լիբանանի իշխանությունների գնահատմամբ՝ Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման միջև 2023 թվականի հոկտեմբերից սկսված երկու պատերազմների պատճառած վնասը կազմում է շուրջ 27 միլիարդ դոլար։
Վերջին հակամարտությունը, որը սկսվել է մարտին՝ «Հըզբոլլահի» կողմից իր գլխավոր դաշնակցին՝ Իրանին ցուցաբերվող աջակցության ֆոնին, հանգեցրել է Լիբանանի ավելի քան մեկ միլիոն բնակչի տեղահանման։ Հունիսին մարտական գործողությունների ինտենսիվության նվազումից հետո տեղահանվածների թիվը կրճատվել է՝ հասնելով մոտ 300 հազարի։
Միաժամանակ երկիրը շարունակում է պայքարել իր պատմության մեջ ամենածանր տնտեսական ճգնաժամի հետևանքների դեմ, որը սկսվել է 2019 թվականին։ Բեյրութը ձգտում է ֆինանսական օգնություն ստանալ Արժույթի միջազգային հիմնադրամից, սակայն դեռ չի իրականացրել անհրաժեշտ բարեփոխումները, որոնցից կախված է միջոցների հատկացումը։
Հասանելի է
Թեմա
Կազմակերպություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
