Փախստականները շարունակում են ժամանել Կանարյան կղզիներ. ճանապարհին 34 մարդ է զոհվել

Կրետե18:57 | նոյեմբերի 9, 2026Փախստականները շարունակում են ժամանել Կանարյան կղզիներ. ճանապարհին 34 մարդ է զոհվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ամեն օր աֆրիկացի հազարավոր միգրանտներ փորձում են հատել Ատլանտյան օվկիանոսն ու հասնել Կանարյան կղզիներ՝ Եվրամիությունում ապաստան հայցելու նպատակով։ Միգրանտներ տեղափոխող նավերից մեկը ճանապարհին շրջվել է, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։
Ենթադրվում է, որ նավը խորտակվել է դեռևս նոյեմբերի 6-ին՝ Սենեգալի ափերի մոտ՝ Դակարի և դրանից հյուսիս գտնվող Սեն-Լուի քաղաքի միջև, սակայն դեպքի մանրամասները հայտնի են դարձել միայն հիմա։ Լրատվամիջոցների և մարդասիրական կազմակերպությունների տվյալներով՝ զոհվել է առնվազն 34 մարդ։ Դեռևս հայտնի չէ, թե ընդհանուր առմամբ քանի միգրանտ է եղել նավում և որ երկրներից են նրանք։ Հայտնաբերված զոհերը սենեգալցիներ են։ Փրկարարներին հաջողվել է փրկել միայն մեկ տղամարդու։
Սենեգալի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել։ Նույն մտավախությունն ունի նաև Կանարյան կղզիների տարածաշրջանային կառավարությունը։ «Բուրնա» փոթորկային ցիկլոնի պատճառով տագնապ է հայտարարվել Լա Պալմա, Էլ Իեռո, Լա Գոմերա և Գրան Կանարիա կղզիներում, որտեղ միգրացիոն ճգնաժամի հետևանքներն առավել սուր են զգացվում։ Մասնավորապես, Էլ Իեռո կղզու բնակչությունը կրկնապատկվելու շեմին է. ընդամենը վեց օրվա ընթացքում այնտեղ է ժամանել ավելի քան 6 հազար միգրանտ, որոնցից 1066-ը՝ միայն նոյեմբերի 6-ին։
Նույն օրը Սենեգալի իշխանությունները կանգնեցրել են Իսպանիա ուղևորվող ևս մեկ նավ, որում եղել է 142 միգրանտ։ Սենեգալը, Մավրիտանիան և Մարոկկոն, իրենց իսկ տվյալներով, խստացրել են իրենց ափամերձ գոտիների վերահսկողությունը։ Այդ պատճառով մաքսանենգների նավակներն սկսել են ճանապարհ ընկնել ավելի հարավային շրջաններից, ինչի հետևանքով երթուղին դառնում է ավելի երկար ու վտանգավոր, փոխանցում է Bild պարբերականը։ Որպես կանոն՝ այս ուղևորությունները կազմակերպում են այն հանցավոր խմբավորումները, որոնք միգրանտներից հազարավոր եվրոներ են շորթում՝ նրանց ոչ հուսալի փայտե նավակներով տեղափոխելու դիմաց։
Աֆրիկացի միգրանտների համար մահացու ծուղակ են դառնում ոչ միայն Կանարյան կղզիների մերձակա ատլանտյան ջրերը, այլև Միջերկրական ծովի արևելյան հատվածը։ Անցած հանգստյան օրերին հունական Կրետե կղզուց հարավ ընկած տարածքում առնվազն 20 մարդ է զոհվել։ Ինչպես հայտնում է ERTnews հեռուստաալիքը, միգրանտների նավակներից հաջողվել է փրկել 133 մարդու, ևս առնվազն երկուսը համարվում են անհետ կորած։
Փրկվածների խոսքով՝ իրենք Լիբիայից ծով էին դուրս եկել մի քանի օր առաջ՝ ուղևորության համար վճարելով 1000-ից 2500 եվրո։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
