Հյուսիսային Կարոլինայի համալսարաններից մեկում հրաձգության երկու դեպք է տեղի ունեցել. մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել

Պատահարներ21:23 | նոյեմբերի 8, 2026Հյուսիսային Կարոլինայի համալսարաններից մեկում հրաձգության երկու դեպք է տեղի ունեցել. մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Ուինսթոն-Սեյլեմի պետական համալսարանի տարածքում տեղի ունեցած հրաձգության երկու առանձին միջադեպերի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հաղորդում է NBC News-ը։
Իրավապահ մարմինների տվյալներով, ահազանգը ստացվել է շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 21:45-ի սահմաններում։ Կիրակի վաղ առավոտյան կայացած մամուլի ասուլիսում ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ հետաքննությունը գտնվում է ամենասկզբնական փուլում։ Հնարավոր ձերբակալությունների և կասկածյալների վերաբերյալ տեղեկություններ նրանք դեռ չեն տրամադրել։
«Կարող ենք ասել, որ համալսարանական ավանի տարածքը վերահսկողության տակ է։ Հարակից թաղամասը նույնպես անվտանգ է», — հայտարարել է Ուինսթոն-Սեյլեմի ոստիկանության օպերատիվ ծառայության վարչության պետի օգնական Ջեյսոն Սուեյմը։
Ըստ նրա, քննիչները պարզում են՝ արդյոք հրաձգության երկու միջադեպերը կապված են միմյանց հետ։
«Մենք ցավակցում ենք զոհվածների և տուժածների ընտանիքներին, նրանց ընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ականատես են եղել կատարվածին», — ասել է Սուեյմը։ Նա հավելել է, որ առաջիկա օրերին համալսարանի տարածքում ոստիկանական ներկայությունը կուժեղացվի։
Հրաձգությունը տեղի է ունեցել Homecoming ավանդական տոնի օրը, երբ համալսարանական համայնքները հավաքվում են՝ նշելու շրջանավարտների վերադարձը և աջակցելու մարզական թիմերին։ Նույն օրն ավելի վաղ համալսարանի Winston-Salem State Rams թիմը հանդիպում էր անցկացրել Fayetteville State Broncos-ի դեմ։
«Ավանդաբար Homecoming-ը տոնախմբության և համախմբման ժամանակ է», — նշել է Սուեյմը։
NBC News-ի տվյալներով, արտակարգ ծառայությունների խոսակցությունների ձայնագրություններում հաղորդվել է, որ տուժածներից մեկը գլխի հրազենային վիրավորում է ստացել։ Մեկ այլ ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է ոստիկանը շտապօգնության երկրորդ մեքենա խնդրում։
Հետաքննությունը շարունակվում է։ Ոստիկանությունը դեռ չի հայտնել, թե ով է կրակ բացել, և ինչով կարող էին պայմանավորված լինել միջադեպերը։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
