Daily Mirror. Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը

Չարլզ III19:06 | նոյեմբերի 8, 2026Daily Mirror. Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կարող է պատմական պետական այց կատարել Չինաստան և դառնալ այդ երկիր այցելած ընդամենը երկրորդ բրիտանացի միապետը։ Բուքինգհեմյան պալատում հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն նման ուղևորություն կազմակերպելու վերաբերյալ կառավարության հնարավոր առաջարկը, հայտնում է Daily Mirror-ը։
«Չինաստանը չափազանց կարևոր երկիր է։ Այն շատ բարդ պետություն է, և այցի ծրագրի նախապատրաստումը բազմաթիվ դժվարությունների հետ է կապված», — հայտարարել է թագավորական արքունիքի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Հնարավոր ուղևորության հարցը քննարկվում է Եղիսաբեթ II թագուհու՝ 1986 թվականի հոկտեմբերին Չինաստան կատարած այցից 40 տարի անց։ Նա շարունակում է մնալ այդ երկիր պետական այց կատարած միակ բրիտանացի միապետը։ Վեցօրյա ուղևորության ընթացքում թագուհին հանդիպել է Չինաստանի առաջնորդ Դեն Սյաոպինին, այցելել Չինական մեծ պարիսպ և Սիանում տեսել թրծակավե բանակը։
Չարլզ III-ը, Ուելսի արքայազն եղած ժամանակ, պաշտոնական այցով չի եղել մայրցամաքային Չինաստանում։ 1997 թվականի հուլիսին նա ներկա է գտնվել Հոնկոնգը Չինաստանի ինքնիշխանության ներքո հանձնելու արարողությանը և ընթերցել իր մոր հրաժեշտի խոսքը։
Ավելի ուշ նրա անձնական օրագրում, որն առանց թույլտվության հրապարակվել էր մամուլում, արարողությունն անվանվել էր «խորհրդային ոճի սարսափելի ներկայացում», իսկ չինացի պաշտոնյաները՝ «ահասարսուռ ծեր մոմե ֆիգուրներ»։
Չարլզը չի մասնակցել նաև ՉԺՀ նախագահներ Ցզյան Ցզեմինի պատվին 1999 թվականին և Հու Ցզինտաոյի պատվին 2005 թվականին կազմակերպված պետական ընդունելություններին, ինչպես նաև բաց է թողել 2008 թվականին Պեկինում անցկացված Օլիմպիական խաղերի պաշտոնական միջոցառումները։ Պատճառներից մեկը համարվում էր Դալայ լամայի հետ նրա վաղեմի բարեկամությունը։ 2015 թվականին Սի Ծինփինի՝ Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ Չարլզը կրկին չի մասնակցել Բուքինգհեմյան պալատում կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը, սակայն Կամիլայի հետ Չինաստանի առաջնորդին ընդունել է Քլարենս հաուսում՝ կլիմայի և մաքուր էներգետիկայի հարցերը քննարկելու համար։
Բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամներից 1986 թվականից հետո Չինաստան է այցելել արքայազն Ուիլյամը. 2015 թվականի մարտին նա եղել է Պեկինում, Շանհայում և Յուննան նահանգում։
Չարլզ III-ի այցը Չինաստան առայժմ ներառված չէ պաշտոնական ժամանակացույցում։ Սակայն, ըստ պարբերականի, թագավորական այցերի հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են արքունիքի և կառավարության ներկայացուցիչներ, հնարավոր է համարում նման ուղևորությունը։ Հունվարին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ութ տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Չինաստան, ինչը դարձել է երկու երկրների միջև շփումների ակտիվացման նշաններից մեկը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Տեղադրություն
Միացյալ ԹագավորությունՉինաստան
Աղբյուրը՝ NEWS.am
