Որտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետով. Փաշինյանը՝ Հայաստանի անվտանգության իրական երաշխավորի մասին

Հայաստան13:15 | նոյեմբերի 6, 2026Որտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետով. Փաշինյանը՝ Հայաստանի անվտանգության իրական երաշխավորի մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Պատմական փորձը ցույց է տալիս, որ արտաքին անվտանգային երաշխավորների վրա հույս դնելը հայ ժողովրդի համար մշտապես ավարտվել է աղետով, իսկ դրա վերջին դրսևորումը 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններն էին, երբ դե յուրե արձանագրված պարտավորությունները չիրագործվեցին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ պետության անվտանգության և զարգացման միակ իրական երաշխավորը հարկ վճարող քաղաքացին է։
Գագաթնաժողովի մասնակիցներից մեկը հարց էր ուղղել, թե երբ Հայաստանի պետությունը կկարողանա ԱՄՆ-ի կամ Իսրայելի օրինակով աշխարհի ցանկացած կետում անմիջապես միջամտել և պաշտպանել իր քաղաքացիների ու հայերի իրավունքները։
Անդրադառնալով հնչեցված համեմատությանը՝ վարչապետն ընդգծել է պետական բյուջեների անհամեմատելիությունը.
«Պարզ է, որ Հայաստանը չի կարող Միացյալ Նահանգների հետ համեմատվել, նույնիսկ Իսրայելի հետ չի կարող համեմատվել։ Եվ գիտե՞ք ինչի, որովհետև Հայաստանի և Միացյալ Նահանգների բյուջեները իրար հետ համեմատելի չեն։ Ի դեպ, եթե ուզում ենք պետության մասին իմանալ, պետք ա իմանանք բյուջեի մասին»։
Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիների առաջադրած բոլոր հարցերի պատասխանները հենց չվճարված հարկերի և «չթողարկված ՀԴՄ կտրոնների մեջ են»։
Խոսելով երկրի անվտանգության ապահովման և միջազգային երաշխիքների մասին՝ գործադիրի ղեկավարը հիշեցրել է պատմական իրադարձությունները.
«Ես էս վերջերս էլ ասացի, որ էսօր խոսում են երաշխավորների մասին, որ պետք է երաշխավորներ լինեն, Հայաստանի երաշխավորներ լինեն, խաղաղության երաշխավորներ լինեն… Ես ասում եմ, որ մեր պատմական փորձառությունը ի՞նչ է ցույց տալիս. որտեղ մենք ունեցել ենք երաշխավորներ, դա ավարտվել ա աղետով։
Օրինակ՝ Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում ամբողջ աշխարհը… Միացյալ Նահանգների մամուլը ահազանգում էր հայերի հետ տեղի ունեցող ահավոր իրադարձությունների մասին, Մեծ Բրիտանիայի մամուլը, Ֆրանսիայի մամուլը, աշխարհի բոլոր առաջադեմ երկրների մամուլը, և միջազգային հանրությունը պարտավորություններ ուներ մեր առաջ։ Բայց ի վերջո վերջին կաթիլը եղավ 2022 թվականի սեպտեմբերը, երբ այդ թվում՝ դե յուրե արձանագրված պարտավորությունները չիրագործվեցին»։
Վարչապետը, ցույց տալով իր ձեռքի ՀԴՄ կտրոնը, ընդգծել է, որ պետության անվտանգությունը կախված է քաղաքացու վարքագծից և պետականակենտրոն մտածողությունից.
«Եվ ես ասում եմ… ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս, ասում եմ՝ ա՛յ ժողովուրդ, է՛ս ա Հայաստանի Հանրապետության և՛ խաղաղության, և՛ զարգացման, և՛ անվտանգության երաշխավորը։ Այսինքն՝ դո՛ւք եք երաշխավորը, և ձեր երաշխավորության էֆեկտիվությունը կախված է նրանից, թե ինչքանով եք Հայաստան-հայրենիքը ընկալում որպես պետություն, և սրանից բխող իրավունքներից՝ իհարկե, բայց բխող նաև պարտավորություններից»։
Տեղադրություն
Անձ
Թեմա
ՔաղաքականությունԱնվտանգությունՀարկեր
Աղբյուրը՝ NEWS.am
