4000 տարի առաջ տեղի ունեցած անհայտ միգրացիան կարող էր փոխել Եվրոպայի լեզվական քարտեզը

Եվրոպա01:34 | նոյեմբերի 6, 20264000 տարի առաջ տեղի ունեցած անհայտ միգրացիան կարող էր փոխել Եվրոպայի լեզվական քարտեզը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Անգլերենը, գերմաներենը, նիդերլանդերենը և սկանդինավյան լեզուները կարող էին Հյուսիսային Եվրոպայում տարածվել մոտ 4 հազար տարի առաջ սկսված միգրացիայի շնորհիվ։ Նման եզրակացության են հանգել գիտնականների միջազգային խմբերը՝ վերլուծելով ավելի քան 4500 հնագույն մարդկանց ԴՆԹ-ն։ Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Nature հանդեսում՝ երկու առանձին աշխատանքների շրջանակում։
Կոպենհագենի և Լեյդենի համալսարանների հետազոտողները համադրել են գենետիկական տվյալները հնագիտական գտածոների և լեզուների պատմության վերաբերյալ տեղեկությունների հետ։ Վերլուծությունը բացահայտել է մոտ 4000 տարի առաջ դեպի Սկանդինավիա տեղի ունեցած՝ նախկինում անհայտ խոշոր միգրացիա։ Վերաբնակիչները, որոնք ենթադրաբար եկել էին Բալթիկ ծովի շրջակա տարածքներից, արագ տարածվել են տարածաշրջանում և էապես ազդել տեղի բնակչության կազմի վրա։
Գիտնականների կարծիքով՝ նրանք կարող էին իրենց հետ բերել գերմանական լեզուների վաղ ձևը։ Այս ենթադրությունը կասկածի տակ է դնում տարածված տեսությունը, ըստ որի՝ գերմանական լեզուների նախնական ձևերը Հյուսիսային Եվրոպայում հայտնվել են ավելի վաղ՝ մոտ 5000 տարի առաջ տեղի ունեցած միգրացիաների ընթացքում։
Հետազոտությունը բացահայտել է նաև մեկ այլ միգրացիա, որը տեղի է ունեցել մոտ 1500 տարի առաջ՝ վիկինգների դարաշրջանի սկզբից մի քանի հարյուրամյակ առաջ։ Ներկայիս հյուսիսային Գերմանիայի տարածքներից մարդիկ տեղափոխվել են Դանիա և հարավային Շվեդիա, իսկ որոշ շրջաններում, մասնավորապես Զելանդիա կղզում, կազմել են բնակչության զգալի մասը։ Այդ միգրացիան ժամանակային առումով համընկել է հին սկանդինավերենի ձևավորման հետ, որով խոսում էին վիկինգները։ Եկվորները ազգակից էին այն խմբերին, որոնք մասնակցել էին Բրիտանիայի անգլոսաքսոնական բնակչության ձևավորմանը։
Առանձին աշխատանք նվիրված է կելտական լեզուների ծագմանը, որոնք այսօր պահպանվել են հիմնականում Իռլանդիայում, Ուելսում, Շոտլանդիայում և Բրետանում։ Մոտ 2500 տարի առաջ դրանք տարածված էին Եվրոպայի շատ ավելի ընդարձակ տարածքում։
Գենետիկական տվյալները վկայում են մոտ 3000 տարի առաջ Կենտրոնական Եվրոպայից դեպի արևմուտք՝ Ֆրանսիայի, Բրիտանական կղզիների և Պիրենեյան թերակղզու ուղղությամբ մարդկանց միգրացիայի մասին։ Հետազոտողների կարծիքով՝ դա կարող է բացատրել կելտական լեզուների տարածումը և կասկածի տակ է դնում Եվրոպայի ատլանտյան ափին դրանց ծագման մասին տեսությունը։
Հեղինակներն ընդգծում են, որ միայն ԴՆԹ-ի հիման վրա անհնար է որոշել, թե ինչ լեզվով են խոսել հնագույն մարդիկ։ Սակայն գենետիկական, հնագիտական և լեզվաբանական տվյալների համադրումը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ վերականգնել Եվրոպայի լեզվական քարտեզի վրա ազդած միգրացիաների պատկերը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
