Ֆինլանդիայի դատարանը ստորջրյա մալուխները վնասելու համար ազատազրկման է դատապարտել ռուս և ադրբեջանցի նավաստիներին

Դատարանի որոշում16:37 | նոյեմբերի 5, 2026Ֆինլանդիայի դատարանը ստորջրյա մալուխները վնասելու համար ազատազրկման է դատապարտել ռուս և ադրբեջանցի նավաստիներին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հելսինկիի շրջանային դատարանը Fitburg բեռնանավի նավապետ, ռուսաստանցի Անդրեյ Մաքսիմենկոյին և նավի բոցման, ադրբեջանցի Վուսալ Մաջիդովին ծանրացուցիչ հանգամանքներում սաբոտաժի գործով դատապարտել է համապատասխանաբար 3,5 տարվա և 2 տարի 10 ամսվա ազատազրկման։ Գործը վերաբերում է 2025 թվականի դեկտեմբերի 31-ի միջադեպին, երբ Fitburg-ը վնասել էր Ֆիննական ծոցի հատակով անցկացված հեռահաղորդակցության երկու մալուխները, գրում է Yle-ն։
Դատարանը Մաքսիմենկոյի և Մաջիդովի գործողությունները դիտավորյալ է համարել և նրանց մեղավոր ճանաչել «ծանրացուցիչ հանգամանքներում սաբոտաժի» համար՝ երկրի Քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի §3-ի համաձայն՝ նշանակելով իրական ազատազրկման պատիժներ։ Երկու նավաստիների նկատմամբ կայացված դատավճիռներն ավելի խիստ են եղել, քան դատախազի սկզբնապես պահանջած 2,5 տարվա ազատազրկումը։ Բացի այդ, Fitburg-ի նավապետին և բոցմանին պարտավորեցրել են տուժող կողմին փոխհատուցել քննության և վնասված ենթակառուցվածքի վերանորոգման ծախսերը։ Մաքսիմենկոն և Մաջիդովն իրենց մեղավոր չեն ճանաչել։
Սենթ Վինսենթի և Գրենադինների դրոշի ներքո նավարկող Fitburg բեռնանավն անցած ձմռանը Սանկտ Պետերբուրգից ուղևորվում էր իսրայելական Հայֆա՝ կոնստրուկցիոն պողպատի բեռով։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերը չորաբեռնանավի խարիսխը գրեթե 130 կիլոմետր քարշ էր եկել Ֆիննական ծոցի հատակով և վնասել ֆիննական Elisa ընկերության հեռահաղորդակցության երկու մալուխ։ Ֆինլանդիայի սահմանապահները նույն օրը կալանել էին Fitburg-ը, որի վրա անձնակազմի 14 անդամ կար։
Շուտով նավն ու նավաստիների մեծ մասն ազատ էին արձակվել, սակայն Մաքսիմենկոն և Մաջիդովը կալանավորվել էին հեռահաղորդակցությանը միջամտելու և ծանրացուցիչ հանգամանքներում սաբոտաժի մեղադրանքներով։ Դատարանը հետագայում հանել էր հեռահաղորդակցությանը միջամտելու մեղադրանքը։ Ըստ մեղադրող կողմի՝ Fitburg-ի նավապետի և բոցմանի գործողությունները վտանգել էին ստորջրյա ենթակառուցվածքի ևս ութ օբյեկտ, այդ թվում՝ կապի այլ մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ։
Մաքսիմենկոն և Մաջիդովը քննության ընթացքում բազմիցս հերքել են իրենց առաջադրված բոլոր մեղադրանքները։ Fitburg-ի նավապետը, մեկնաբանելով դեկտեմբերի 31-ի միջադեպը, պնդել էր, որ խարիսխի անսարքության բնույթն իրեն մինչև վերջ պարզ չէ, իսկ Կրեմլի հիբրիդային հարձակմանն իր մասնակցության մասին ենթադրությունները անվանել էր «հիմարություն»։
Ռուսաստանի դեսպան Պավել Կուզնեցովը նույնպես հայտարարել էր, որ Հելսինկին Fitburg-ի անձնակազմի դեմ որևէ իրական ապացույց չի ներկայացրել։ Նրա խոսքով՝ Elisa ընկերության մալուխները վնասվել են Ֆինլանդիայի տարածքային ջրերից դուրս, ուստի գործը պետք է քննվի բացառապես ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի շրջանակներում, այլ ոչ թե Ֆինլանդիայի ներքին օրենքներով, հաղորդել էր «ՌԻԱ Նովոստի»-ն։
Fitburg նավը պատկանում է Սեյշելյան կղզիներում գրանցված Fitburg Shipping Co Ltd ընկերությանը։ Նավի փաստացի սեփականատերը թուրք գործարար Ռաիմ Ալեքպերովն է։ Չորաբեռնանավն ընդգրկված չէ արևմտյան երկրների պաշտոնական պատժամիջոցային ցուցակներում, սակայն մշտադիտարկումների ընթացքում նշվել է որպես «vessel of interest»՝ ուշադրության արժանի նավ, որը ենթադրաբար կապված է պատժամիջոցների շրջանցման և «ստվերային նավատորմի» հետ։
Հասանելի է
Թեմա
Դատարանի որոշումռազմավարական ենթակառուցվածքներՊատահարներ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
