Կյանք մահից հետո. ինչպես են փոխվում այն մարդկանց սովորությունները, որոնք հավատում են, որ իրենց չեն մոռանա

Իսրայել06:53 | նոյեմբերի 4, 2026Կյանք մահից հետո. ինչպես են փոխվում այն մարդկանց սովորությունները, որոնք հավատում են, որ իրենց չեն մոռանա
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Մարդիկ, որոնք հավատում են, որ մահից հետո իրենց կհիշեն, ավելի հաճախ են հոգեբանորեն լավ վիճակում լինում և ավելի հազվադեպ են բախվում ոգելից խմիչքի ու թմրանյութերի խնդրահարույց օգտագործման և կախվածություն դրսևորող վարքի տարբեր ձևերի հետ։ Նման եզրակացության են հանգել Երուսաղեմի Եբրայական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով սեփական կարևորության զգացման և հոգեկան առողջության միջև կապը։ Արդյունքները հրապարակվել են International Journal of Mental Health and Addiction հանդեսում։
Գիտնականներն ուսումնասիրել են այսպես կոչված խորհրդանշական անմահությունը՝ այն զգացումը, որ մարդու մի մասը նրա մահից հետո կշարունակի գոյություն ունենալ մտերիմների, ձեռքբերումների, համոզմունքների կամ իր թողած ժառանգության շնորհիվ։ Այդ հասկացությունը տարբերվում է հանդերձյալ կյանքի հանդեպ հավատից։
Հետազոտությանը մասնակցել է Իսրայելի 2912 չափահաս բնակիչ։ Մասնակիցներին հարցրել են՝ արդյոք նրանք հավատո՞ւմ են, որ մահից հետո իրենց կհիշեն իրենց արարքների և այլ մարդկանց կյանքում ունեցած ներդրման շնորհիվ։ Գիտնականները միաժամանակ գնահատել են նրանց հոգեբանական վիճակը, սոցիալական կապերը, ինքնագնահատականը և կախվածություն դրսևորող վարքի հակվածությունը։
Պարզվել է, որ խորհրդանշական անմահության ավելի արտահայտված զգացում ունեցող մարդիկ ավելի հաճախ են նշել բարձր ինքնագնահատական, շրջապատի աջակցություն, կյանքի իմաստի զգացում և ավելի ամուր հարաբերություններ ունենալու մասին։ Նրանց շրջանում նաև ավելի հազվադեպ են նկատվել դեպրեսիայի, տագնապայնության և հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտանշաններ, քնի խանգարումներ և հույզերը կառավարելու դժվարություններ։
Նմանատիպ կապ է հայտնաբերվել նաև կախվածությունների դեպքում։ Այն համոզմունքը, որ մահից հետո մարդը կմնա ուրիշների հիշողության մեջ, կապված է եղել ալկոհոլի, կանեփի և դեղատոմսով բաց թողնվող դեղերի խնդրահարույց օգտագործման ավելի փոքր հավանականության հետ։ Բացի դրանից, այդ մասնակիցներն ավելի հազվադեպ են հայտնել մոլախաղերին, տեսախաղերին, պոռնոգրաֆիային, սոցիալական ցանցերին և համացանցին առնչվող խնդիրների մասին։
Միաժամանակ հետազոտողները շեշտում են, որ հայտնաբերված կապերն ընդհանուր առմամբ չափավոր կամ թույլ են եղել։ Աշխատանքը նաև չի ապացուցում, որ սեփական ժառանգության հանդեպ հավատն ուղղակիորեն բարելավում է հոգեկան առողջությունը. հնարավոր է՝ հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ պարզապես ավելի հաճախ են դժվարանում զգալ սեփական կարևորությունն ու շրջապատի հետ կապը։
Հարցումն անցկացվել է 2025 թվականի փետրվարին՝ Իսրայելում պատերազմի ընթացքում, և ընդգրկել է հիմնականում երկրի չափահաս հրեա բնակչությանը։ Հեղինակները կարծում են, որ արդյունքները հաստատելու համար անհրաժեշտ են հետազոտություններ այլ երկրներում և այլ սոցիալական պայմաններում։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Հոգեկան առողջությունՀետազոտություն
Աղբյուրը՝ NEWS.am
