Թրամփ, Պուտին, Ալիև և Նեթանյահու․ RSF-ը ներկայացրել է մամուլի ազատության գլխավոր «գիշատիչների» ցանկը

Դոնալդ Թրամփ12:51 | նոյեմբերի 3, 2026Թրամփ, Պուտին, Ալիև և Նեթանյահու․ RSF-ը ներկայացրել է մամուլի ազատության գլխավոր «գիշատիչների» ցանկը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը նոյեմբերի 2-ին նշվող Լրագրողների դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ հրապարակել է «մամուլի ազատության գիշատիչների» 33 անունից բաղկացած ցանկը, որում ընդգրկված անձինք ու կառույցները 2026 թվականին հարձակումներ են գործել լրագրողների և լրատվամիջոցների վրա։
Կազմակերպության գնահատմամբ՝ նրանց միավորում է անկախ ձայները լռեցնելու ձգտումը։ Այդ նպատակով կիրառվում են սպանություններ, ազատազրկումներ, վարկաբեկում, քարոզչություն, առցանց հալածանքներ, ինչպես նաև օրենսդրական ու տնտեսական ճնշումներ։
Թրամփը՝ գլխավոր դերակատարների թվում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկում է հայտնվել լրագրության դեմ ուղղված բազմաթիվ հարձակումներից հետո։ RSF-ի տվյալներով՝ նրա նախագահական երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր մամուլի նկատմամբ ճնշումը դուրս է եկել հռետորաբանության և պետական քաղաքականության շրջանակներից՝ վերածվելով լրագրողների նկատմամբ ֆիզիկական սահմանափակումների։
Կազմակերպությունը նշում է, որ ԱՄՆ-ն մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 64-րդ տեղը, իսկ Թրամփի գործողություններն ուղղված են լրագրությունը քաղաքական հաղորդակցության գործիքի վերածելուն։
Ցանկում շարունակում են մնալ նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան։ Վարկանիշում ընդգրկված կազմակերպությունների ու կառույցների թվում են Իսրայելի պաշտպանության բանակը, մեքսիկական նարկոկարտելները և Չինաստանի կոմունիստական կուսակցությունը։
RSF-ը Բենյամին Նեթանյահուի կառավարությանն ու իսրայելական բանակին մեղադրում է Գազայի հատվածում, Հորդանան գետի Արևմտյան ափին և Լիբանանում լրագրողների նկատմամբ բռնաճնշումների քաղաքականություն վարելու մեջ։ Սի Ծինփինի ղեկավարած Չինաստանը կազմակերպությունն անվանում է լրագրողների համար աշխարհի ամենամեծ բանտը։
Ցանկում նոր անուն է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին։ RSF-ը մատնանշում է «Մաթսադդաշ» կայքի փաստեր ստուգող լրագրողների ձերբակալությունն ու «Մադա Մասր» լրատվական պորտալի փակումը։
Ալիևը՝ քաղաքական անվանակարգում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս ընդգրկվել է 2026 թվականի ցանկի քաղաքական անվանակարգում, որտեղ RSF-ը ներառում է սեփական երկրներում լրատվամիջոցների վրա ճնշում գործադրող առաջնորդներին։
Տոկաևը՝ «Իրավունք» անվանակարգում
«Իրավունք» անվանակարգում հայտնվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա միացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և հնդիկ գործարար Գաութամ Ադանիին, որոնց RSF-ը մեղադրում է լրագրողներին ու լրատվամիջոցներին հետապնդելու նպատակով դատական գործընթացներն օգտագործելու մեջ։
«Հասարակություն» անվանակարգում կազմակերպությունն առանձնացնում է այն կառույցները, որոնք զբաղվում են մամուլի վարկաբեկմամբ և ԶԼՄ-ների նկատմամբ վստահության խարխլմամբ։ Դրանց թվում են Բուրկինա Ֆասոյի տեղեկատվական արագ արձագանքման գումարտակը և հնդկական OpIndia պորտալը։
Ցանկում ներառվել է նաև Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը։ RSF-ի հետաքննության համաձայն՝ 2026 թվականի ապրիլ և մայիս ամիսների 47 օրվա ընթացքում X սոցիալական ցանցի նրա օգտահաշվում հրապարակվել է լրագրողների դեմ ուղղված ավելի քան 1600 գրառում։
Կազմակերպության կարծիքով՝ անկախ լրատվամիջոցների համար առանձին սպառնալիք են ներկայացնում խոշոր տեխնոլոգիական կորպորացիաները, ազդեցիկ միլիարդատերերն ու քաղաքական գործիչները, որոնք տնտեսական լծակներ են կիրառում խմբագրությունների ֆինանսավորումը սահմանափակելու և դրանց անկախությունը խարխլելու համար։ Հիշատակվածների թվում են Alphabet-ը, Meta-ն, Բիձինա Իվանիշվիլին, Վենսան Բոլորեն և Վլադիմիր Տաբակը։
Ովքեր են դուրս մնացել ցանկից
RSF-ն ընդգծում է, որ սա հեգնական հակավարկանիշ է, որի նպատակն է ուշադրություն հրավիրել մամուլի ազատության վիճակի վատթարացման համար պատասխանատու կոնկրետ անձանց ու կազմակերպությունների վրա։
2026 թվականին ցանկից դուրս են մնացել նախորդ թողարկման մի քանի դերակատարներ՝ ավիահարվածի հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող Նիկոլաս Մադուրոն, ինչպես նաև ընտրություններում պարտված և իշխանությունից հեռացված Վիկտոր Օրբանն ու Ալեքսանդր Վուչիչը։
RSF-ի գլխավոր տնօրեն Տիբո Բրուտենի խոսքով՝ մամուլի ազատության վատթարացման վիճակագրության հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ, որոնք կիրառում են ֆիզիկական ու հռետորական բռնություն, օրենսդրական լծակներ, սպառնալիքներ, առցանց մանիպուլյացիաներ և տնտեսական ճնշում։
«Գիշատիչների անունները բարձրաձայնելը, նրանց մեթոդները հանրայնացնելն ու հանցագործությունները նկարագրելը նշանակում է հրաժարվել համակերպվել նման ոտնձգությունների հետ»,- հայտարարել է Բրուտենը։
Նա ընդգծել է, որ կազմակերպության նպատակն է մերկացնել նրանց, ովքեր խոչընդոտում են լրագրողների մասնագիտական աշխատանքը և զրկում քաղաքացիներին ազատ ու անկախ տեղեկատվություն ստանալու իրավունքից։
Հասանելի է
Անձ
Դոնալդ ԹրամփԻլհամ ԱլիևՎլադիմիր Պուտին
Թեմա
ՔաղաքականությունՄամուլի ազատություն
Աղբյուրը՝ NEWS.am
