Ֆլավիո Բոլսոնարուն ԱՄՆ մեկնելուց հետո իրեն Բրազիլիայի օրինական առաջնորդ է հռչակել

Բրազիլիա20:21 | հոկտեմբերի 29, 2026Ֆլավիո Բոլսոնարուն ԱՄՆ մեկնելուց հետո իրեն Բրազիլիայի օրինական առաջնորդ է հռչակել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Բրազիլացի սենատոր Ֆլավիո Բոլսոնարուն, որը Բրազիլիայից հեռանալուց հետո ժամանել է ԱՄՆ, իրեն հայտարարել է երկրի օրինական առաջնորդ և Գերագույն դատարանին ու նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային մեղադրել ընտրական հեղաշրջում կազմակերպելու մեջ։ Ընդ որում, նա չի ներկայացրել ընտրությունների կեղծման ապացույցներ. այդ ընտրություններում Լուլան հաղթել է մոտ 4,5 միլիոն ձայնի առավելությամբ, հայտնում է Reuters-ը։
X սոցիալական ցանցում հրապարակված բաց նամակի սկզբնական տարբերակում Բոլսոնարուն իրեն անվանել է «ընտրված նախագահ», սակայն հետո ջնջել է հրապարակումն ու տեղադրել խմբագրված տարբերակը, որում հայտարարել է, թե ինքը Բրազիլիայի օրինական առաջնորդն է։
«Ուզում եմ ոչ միայն իմ 60 միլիոն ընտրողներին, այլև ամբողջ բրազիլացի ժողովրդին ասել, որ ես եմ առաջնորդը, իսկ Բրազիլիայում ընտրությունները գողացած հանցագործները բռնապետություն հաստատած հանցավոր կազմակերպության անդամներ են»,- գրել է սենատորը։
Լուլայի հաղթանակը ճանաչել են Բրազիլիայի դաշնային ընտրական դատարանը, օտարերկրյա առաջնորդները, միջազգային դիտորդներն ու Բոլսոնարուի սեփական կուսակցությունը։ Ընտրական մարմնի ղեկավար Կասիու Նունես Մարկեսը հայտարարել է, որ քվեարկությունն անցել է օրենքին և սահմանադրությանը լիովին համապատասխան՝ ուղղակիորեն չմեկնաբանելով սենատորի մեղադրանքները։
Բոլսոնարուն ժամանել է Մայամի՝ մինչ այդ լքելով Բրազիլիան՝ հակառակ անձնագրերը հանձնելու մասին Գերագույն դատարանի կարգադրությանը։ Նա շնորհակալություն է հայտնել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին՝ ուղևորության հարցում օգնության համար, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իրեն և իր ընտանիքի անդամներին մուտքի արտոնագրեր տրամադրելու համար։ Թրամփը, պատասխանելով լրագրողների հարցերին, հրաժարվել է մեկնաբանել սենատորի հայտարարությունները՝ Բրազիլիայում անցկացված ընտրությունները կրկին անվանելով «շատ տարօրինակ»։
Բոլսոնարուի հեռանալը բարդացնում է Վաշինգտոնի հարաբերությունները Լատինական Ամերիկայի խոշորագույն երկրի հետ։ Լուլան ավելի վաղ ամերիկյան վարչակազմին մեղադրել էր Բոլսոնարուի ընտանիքի հետ դավադրության մեջ՝ այդ ընտանիքին իշխանության վերադարձնելու նպատակով։ Ընտրություններին ընդառաջ Reuters-ը հայտնել էր Թրամփի վարչակազմի՝ Բոլսոնարուի կլանի քաղաքական վերադարձին ուղղված արշավի մասին։ Վաշինգտոնը հերքում է Բրազիլիայի ներքին գործերին միջամտելու մեղադրանքը։
Սենատորը լքել է երկիրը, երբ Գերագույն դատարանը փողերի հնարավոր լվացման գործով քննության շրջանակում նրան կարգադրել է հանձնել անձնագրերը։ Բոլսոնարուն հերքում է իրավախախտումներին իր առնչությունը և պնդում, որ հեռացել է՝ իրեն ու ընտանիքին քաղաքական հետապնդումից պաշտպանելու համար։
Իր պարտությունը նա բացատրում է Լուլայի նշանակած՝ Գերագույն դատարանի դատավորի որոշմամբ, որով ընտրությունների օրը քվեարկությունը երկարաձգվել էր երկու ժամով, երբ նախագահի նախընտրական շտաբը բողոքել էր հյուսիսարևելյան նահանգներում ընտրողների համար ստեղծված խոչընդոտներից։
Սակայն Բոլսոնարուի շտաբը նույնպես խնդրել էր երկարաձգել քվեարկությունը հարավային պահպանողական շրջաններում տեղացած անձրևների պատճառով։ Ինսպեր ինստիտուտի պրոֆեսոր Պեդրու Բուրգոսի գնահատմամբ՝ լրացուցիչ երկու ժամվա ընթացքում քվեարկել է 35 հազարից պակաս մարդ՝ ընտրողների ընդհանուր թվի մոտ 0,03%-ը։ Վերլուծաբանները կարծում են, որ ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելու Բոլսոնարուի հնարավորությունները փոքր են։
Սենատորի հայրը՝ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն, 2022 թվականի ընտրություններում պարտվելուց հետո նույնպես հրաժարվում էր ճանաչել Լուլայի հաղթանակը։
Ավելի ուշ նա վերադարձել է Բրազիլիա և դատապարտվել 27 տարվա ազատազրկման՝ պետական հեղաշրջման նպատակով դավադրության համար, երբ նրա կողմնակիցները գրոհել էին Բրազիլիայի մայրաքաղաքում գտնվող կառավարական շենքերը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
ԸնտրություններՔաղաքականություն
Աղբյուրը՝ NEWS.am
