Բեռլինի քաղաքապետի պաշտոնի ազգությամբ թուրք թեկնածու Էլիֆ Էրալփը հայտարարել է, որ մտահոգված է ընտանիքի անվտանգությամբ

Հակասեմականություն18:04 | հոկտեմբերի 29, 2026Բեռլինի քաղաքապետի պաշտոնի ազգությամբ թուրք թեկնածու Էլիֆ Էրալփը հայտարարել է, որ մտահոգված է ընտանիքի անվտանգությամբ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Բեռլինի քաղաքապետի պաշտոնի համար թուրքական ծագմամբ առաջին թեկնածու Էլիֆ Էրալփը հրաժարվել է հրապարակային մեկնաբանություններ անել պաղեստինամետ ակտիվիստ Իբրահիմ Իբրահիմի մասին՝ մտավախություն ունենալով իր ընտանիքի անվտանգության համար։ Դրա մասին հայտնում է գերմանական Der Spiegel հանդեսը՝ վկայակոչելով քաղաքական գործչի հետ հարցազրույցի մանրամասները։
Էրալփը ներկայացնում է ձախակողմյան Die Linke կուսակցությունը, որը հաղթել է սեպտեմբերի 20-ին Բեռլինում անցկացված տարածաշրջանային ընտրություններում։ Այժմ նա հավակնում է դառնալ Գերմանիայի մայրաքաղաքը գլխավորող ծայրահեղ ձախ ուժերի առաջին ներկայացուցիչը։
Die Linke-ի հաղթանակը մի շարք կենտրոնամետ և աջակենտրոն քաղաքական գործիչների վրդովմունքն է առաջացրել։ Նրանք կուսակցությանը մեղադրել են հակասեմականության դրսևորումների մեջ՝ Իսրայելի վերաբերյալ նրա ներկայացուցիչների հայտարարությունների առնչությամբ։ Die Linke-ն մերժում է այդ մեղադրանքները։ Գերմանիայում, որը Գազայի հատվածում պատերազմի ընթացքում ակտիվորեն աջակցում է Իսրայելին, իսրայելական գործողությունների քննադատությունը հաճախ հակասեմականության շուրջ վեճերի տեղիք է տալիս։
Ընտրությունների արդյունքների հրապարակմանը հաջորդած երեկոյան պաղեստինամետ հայտնի ակտիվիստ Իբրահիմ Իբրահիմն այցելել է Նոյքյոլն թաղամասում անցկացվող՝ Die Linke-ի բեռլինյան կառույցի նախընտրական միջոցառմանը։ Հակաժողովրդավարական շարժումների մշտադիտարկմամբ զբաղվող democ կազմակերպության տվյալներով՝ ակտիվիստը երկար ժամանակ կապեր է ունեցել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի հետ, որը Եվրամիությունում և ԱՄՆ-ում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Իբրահիմը հերքում է, որ աջակցում է ահաբեկչությանը, Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատին կամ ՀԱՄԱՍ-ին։
Երկուշաբթի Der Spiegel-ին տված հարցազրույցի ընթացքում Էրալփին հարցրել են իր կուսակցության հասցեին հակասեմականության մեղադրանքների մասին։ Նա հայտարարել է, որ գիտեր պաղեստինյան խնդիրներով իր կուսակիցներից շատերի, հատկապես Նոյքյոլնում, ակտիվ ներգրավվածության մասին, սակայն չէր սպասում, որ առանձին նախընտրական միջոցառումների ժամանակ իրավիճակը չափազանց հեռուն կգնա։
Երբ լրագրողները ճշտել են՝ արդյոք նա նկատի ուներ կուսակցական միջոցառմանը Իբրահիմի հայտնվելը, Էրալփը սկզբում դրական է պատասխանել։ Սակայն հարցազրույցի սղագրության մեջ, որը Der Spiegel-ն ուղարկել էր նրա մամուլի քարտուղարին՝ մեջբերումները համաձայնեցնելու համար, հարցն ու պատասխանը ջնջված են եղել։
Ինչպես գրում է Der Spiegel-ը, համաձայնեցված տեքստի լուսանցքներում պահպանվել են Էրալփի մեկնաբանությունները, որոնք, հավանաբար, սխալմամբ էին մնացել։ Դրանցում նա նշել է, որ Բեռլինի քրեական ոստիկանությունն ավելի վաղ իրեն խորհուրդ էր տվել չարտահայտվել կոնկրետ մարդկանց մասին։
«Ես չեմ կարող ինձ և իմ ընտանիքին վտանգի ենթարկել հանուն Der Spiegel-ի։ Ի՞նչ անենք հիմա։ Չեղարկե՞նք ամբողջ հարցազրույցը»,- նրա խոսքերն է մեջբերում հանդեսը։
Ավելի ուշ Էրալփի մամուլի քարտուղարը պարբերականին հայտնել է, որ քաղաքական գործիչն արդեն մի քանի ամիս է՝ ամեն օր բախվում է վիրավորանքների, սպառնալիքների և թշնամանքի։
Նոյեմբերին Die Linke-ն նախատեսում է պաշտոնական բանակցություններ սկսել «Կանաչներ» կուսակցության և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ կոալիցիա կազմելու շուրջ։ Բեռլինի պատգամավորների պալատի նոր կազմում Die Linke-ն ունի 45 տեղ, կանցլեր Ֆրիդրիխ Մերցի պահպանողականները՝ 33, ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 29, «Կանաչները»՝ 25, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 21։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՀակասեմականությունԸնտրություններՔաղաքականությունՍպառնալիքներ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
