Արթիկի քաղաքապետն այնքան չի աշխատել, որքան մեդալ է ստացել. «Հրապարակ»

Արթիկի քաղաքապետն այնքան չի աշխատել, որքան մեդալ է ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, որը Մանվել Գրիգորյանի սանիկն է, եւ որին 50 տարով արգելել են մուտք գործել Ռուսաստան, որովհետեւ փորձել է Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը հանել քաղաքից, պարզվում է՝ մեդալներ եւ պարգեւներ ստանալու հանդեպ մեծ սեր ունի եւ այս առումով՝ հարուստ կենսագրություն։ Ավելի «մեծ պատմություն», քան իր աշխատանքային գործունեությունն է: Իհարկե, քավորի՝ Մանվել Գրիգորյանի անունն արդեն հուշում է, թե ում շնորհիվ է նա հասել այդ «փառքին»:

Ըստ պաշտոնական կենսագրության՝ Անանիկ Ոսկանյանը 1989 թվականին դպրոցն ավարտելուց հետո անմիջապես մասնակցել է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական մարտերին (1989-1994թթ․): 1994-1997թվականներին աշխատել է Պեմզաշենի շինիրերի կոմբինատում` որպես վարպետ, եւ 28.05.1997 թվականին պարգեւատրվել է Մարտական գործողությունների մասնակցի կրծքանշանով:

31 տարեկան հասակում (2003-2007թթ.) նա սովորել եւ ավարտել է Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի ֆինանսատնտեսական ֆակուլտետը, միաժամանակ աշխատել է որպես «Արթուր-91» ՍՊԸ-ի քարարդյունաբերական հիմնարկի տնօրեն եւ զբաղեցրել ԵԿՄ Արթիկի բաժանմունքի նախագահի պաշտոնը: 2005թ․ պարգեւատրվել է ԼՂՀ նախագահի «Մարտական ծառայություն» եւ ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալներով, 2006 թվականին՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով, 2007 թ․՝ ՀՀ Երկրապահ կամավորական միության նախագահի «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով եւ «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալով: 2010 թվականին ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալ է ստացել, իսկ 2012 թվականին՝ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ, «5-րդ բրիգադի ազատամարտիկների խորհուրդ» հուշամեդալ եւ «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալ:

2014 թվականին ՀՀ վարչապետի կողմից «ՀՀ վարչապետի անվանական զենք» է նվեր ստացել, 2015թ․՝ «ԵԿՄ 25 տարի» հոբելյանական մեդալ, 2017թ․՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի «ՀՀ Ազգային ժողով» հուշամեդալ, 28.11.2017 թ․ ՀՀ վարչապետի հուշամեդալ։ Սակայն այսքանով ցանկը չի ավարտվում: Մեր աչքից չվրիպեց, որ 2014 թվականին Անանիկ Ոսկանյանը պարգեւատրվել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Անվեհեր փրկարար» մեդալով: «Անվեհեր փրկարար» մեդալը Հայաստանի Հանրապետության փրկարարներին տրվող գերատեսչական պարգեւ է, շնորհվում է ծառայողական պարտականությունները եւ հատուկ առաջադրանքները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար։ Մեդալով պարգեւատրվում են բացառապես փրկարար ծառայության աշխատակիցները։ Պարգեւը շնորհելու իրավասություն ունի համապատասխան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

Մի խոսքով, Արթիկի համայնքապետը ե՛ւ մեր երկրի լավագույն երկրապահներից է, ե՛ւ լավագույն մարտիկներից ու ծառայողներից, ե՛ւ լավագույն փրկարարը։

Աղբյուր՝ 24News.am