Կասեցվել է «Ծովինար» ապրանքանիշի ըմպելիքների 3 տեսակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառման ընթացքում նմուշառում են կատարել անհատ ձեռնարկատեր Աիդա Քոչարյանին պատկանող «Ծովինար» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասում առկա արտադրատեսակներից (Գեղարքունիքի մարզ, Մարտունի քաղաք, Ծովինար բնակավայր): Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։
Նմուշների լաբորատոր փորձաքննությունը փաստել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «Գազավորված ըմպելիք բարբարիսի համով» արտադրատեսակի նմուշը՝ «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներով, իսկ «Գազավորված ըմպելիք տանձի համով» և «Գազավորված ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակների նմուշները՝ «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) ցուցանիշով, չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
Աղբյուր՝ 24News.am
