Ավետիք Չալաբյանին անհապաղ ազատ արձակեցին դատարանից

Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նապագահությամբ մեկնարկեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի վերաբերյալ դատական նիստը:
Կողմերը հայտնեցին, որ նախագահող դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն չունեն:
Չալաբյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը միջնորդություն ներկայացրեց Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ: Պաշտպանն ասաց, որ բոլոր հիմքերն առկա են, որ կիրառվի ազատությունը չսահմանափակող խափանման միջոց:
Պաշտպան Վարազդատ Հարությունյանն ասաց, որ Ավետիք Չալաբյանի առողջական վիճակում գտնվող անձի նկատմամբ կալանքն ավելի շատ պատժի է նման: Բացի այդ, նա ներկայացրեց թղթեր, որոնք հավաստում են, որ Ավետիք Չալաբյանի անչափահաս երեխան ևս առողջական խնդիրներ ունի:
Պաշտպանը հայտնեց, որ կարող են վճարել 15 միլիոն դրամ գրավ, ինչին դատավորը կեսկատակ արձագանքեց, որ «15 միլիոնը Չալաբյանի համար փող չի»:
«Շնորհակալություն եմ հայտնում իմ աջակիցներին ու լրատվամիջոցներին, որ այսօր այստեղ են: 20 տարիների ընթացքում ես ունեցել եմ բարձր եկամուտ և իմ ստեղծածով արել եմ բարեգործություն: Այս գործը նենգափոխված է, տրամաբանական ոչ մի բան չկա: Այս գործն իրականում պետք է կարճված լիներ վաղուց: Այս գործը ստեղծվել է, որ նախ խափանվի մեր քաղաքական գործունեությունը և հետո խոշտանգեն մեզ, որովհետև բանտային այդ պայմանները խոշտանգում են»,-ասաց Ավետիք Չալաբյանը:
Հանրային մեղադրողն ասաց, որ խափանման միջոց կալանքը փոփոխելու հիմքեր առկա չեն:
«Նաև մեղադրյալի կողմից փախուստի ռիսկն է առկա: Հանցանքի ծանրությունն հաշվի առնելով՝ առկա է փախուստի ռիսկը, քանի որ նախատեսված է 3-6 տարի ազատազրկում: Նա միջնորդեց, որ կալանքը եուկարաձգվի ևս 2 ամսով»,-ասաց դատախազը:
Դատարանը որոշեց խափանման միջոց կալանքը վերացնել:
«Դատարանը գտնում է, որ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա: Ոստիկաննե’ր, ինքն անհապաղ ազատ է արձակվում դատարանի դահլիճից»,-ասաց Դավիթ Բալայանը:
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման շտաբի համակարգողը, ունենալով հակաիշխանական հայացքներ և սատարելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին, Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով։
2026 թվականի փետրվարի 4-ին Երևան քաղաքի Զաքյան փողոցի 13/2 հասցեում գործող «Մինուր» սրճարանում հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևի և երրորդ քարտուղար Քրիստինա Ալյոնկինայի հետ, որի ընթացքում համոզելու, վերոհիշյալ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և օգտագործելով խոչընդոտեն Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի դրանցով պայմանավորված ազդեցությունն 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ Ռուսաստանի Դաշնությունում գործող «Ալֆա Պլյուս» և այլ կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և 2026 թվականի հունիսի 7- ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին, որի կապակցությամբ Ալեքսանդր Մալիշևը և Քրիստինա Ալյոնկինան տվել են իրենց համաձայնությունը, սակայն նրանց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը չի իրագործվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ դեպքը հայտնի է դարձել իրավապահ մարմիններին, հանդիպման տեսաձայանագրությունները տարածվել են համացանցում:
Աղբյուր՝ 24News.am
