ԱՆ ՊԾ աշխատակիցն ու Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալը մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ

ԱՆ ՊԾ աշխատակիցն ու Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալը մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնյան 2025 թվականի ապրիլի 7-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, պարտավորված լինելով պատժի կատարման ընթացքում ամսվա մեջ առնվազն 1 անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ այցելել քաղաքացու հանրային աշխատանքների կատարման վայր, վերահսկել եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարման ընթացքը, չի իրականացրել այն ու դրա վերաբերյալ նույն մարմնի երկու գլխավոր ծառայողների հետ նախնական համաձայնությամբ կազմել են կեղծ արձանագրություններ:

Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալն էլ իր հերթին չի վերահսկել քաղաքացու՝ հանրային աշխատանքի կատարման ընթացքը, ավելին՝ նրա օժանդակությամբ կազմել և ստորագրել է Կոտայքի մարզային մարմնին ուղարկված կեղծ բովանդակությամբ փաստաթուղթը:

Նշված արարքների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, չի բացահայտվել քաղաքացու կողմից հանրային աշխատանքներից խուսափելու փաստը, և այդ հիմքով միջոցներ չեն ձեռնարկվել հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելու ուղղությամբ:

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի տեղակալին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 441-րդ հոդված 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը: Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով և 441-րդ հոդված 1-ին մասով:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի երկու գլխավոր ծառայողներին և հանրային աշխատանքներ չկատարած քաղաքացուն:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ 24News.am