«От Мартина»-ի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, բախվել հողաթմբերին և հայտնվել դաշտում. կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում «JAC» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 80 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և օրվա պատասխանատու, դասակի հրամանատար Ռուդիկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Եփրեմյան ու Ռազմիկ Սիմոնյանը։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան «От Мартина» ընկերության պաղպաղակներ էր տեղափոխում, վիրավորն էլ վարորդ-առաքիչ է։
Աղբյուր՝ 24News.am
