Վրաստանի ՆԳՆ-ն հերքում է Լարսով ՌԴ 20 հազար քաղաքացու մուտքի մասին լուրը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկության մասին, ըստ որի` վերջին 24 ժամում, իբր, Լարսի անցակետով Վրաստանի սահմանը հատել է Ռուսաստանի 20 հազար քաղաքացի։ Նախարարության պնդմամբ՝ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և դա որոշ շահագրգիռ անձանց իրականացրած նպատակային ապատեղեկատվություն է։
«Պարզաբանում ենք, որ վերջին 24 ժամվա տվյալներով՝ Վրաստանի պետական սահմանը, Լարսի մաքսային անցակետով, հատել է տարբեր երկրների 7880 քաղաքացի։
Նույն ժամանակահատվածում այդ նույն անցակետով երկիրը լքել է տարբեր երկրների 8406 քաղաքացի։
Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ անձանց զերծ մնալ չստուգված տեղեկության, նաև տարբեր տվյալներ սխալ մեկնաբանությամբ ու աղավաղված ձևով տարածումից»,- ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։
Աղբյուր՝ 24News.am
