«Արցախբանկ»-ը պարզաբանում է ներկայացրել Արցախի Տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության վերաբերյալ

«Արցախբանկ»-ը պարզաբանումներ է ներկայացրել Արցախի Տեղեկատվական շտաբի տարածած ակտի վերաբերյալ․
««Արցախբանկ» ՓԲԸ-ն 2009 թվականից իրականացնում է ԱՀ կառավարության 2009թ. թիվ 15-Ն որոշման /այսուհետ՝ Որոշում/ հիման վրա վերջինիս կողմից իրականացվող ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների շրջանակներում Բանկում ներդրված նպատակային ժամկետային ավանդների սպասարկումը, համաձայն որի ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի անվամբ Բանկում ներդրված ավանդի դիմաց յուրաքանչյուր ամիս՝ մինչև երեխայի 18 տարին լրանալը վճարում է տոկոսներ, իսկ ավանդի գումարը
տրամադրում է երեխային՝ նրա 18 տարին լրանալուց հետո:
Նշենք, որ Որոշմամբ հաստատված Ծրագրի շրջանակում ներդրված միջոցների նկատմամբ ավանդատիրոջ իրավունքներ կարող է ձեռք բերել միայն երեխան, այն էլ 18 տարին լրանալուց հետո, իսկ նրա օրինական ներկայացուցիչները ունեն միայն ներդրված գումարի դիմաց հավելագրված տոկոսագումարների տնօրինման իրավունք:
Բացի այդ, ծրագրով ավանդների վաղաժամկետ մարման /բացառությամբ երեխայի մահվան դեպքի/ կամ կողմերից որևէ մեկի կողմից ծրագրի ընթացակարգը միակողմանի փոփոխելու որևէ հնարավորություն նախատեսված չի եղել:
Արցախի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 30-ի «Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 17-ի N 273-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 31-Ն որոշումը /այսուհետ՝ որոշում/, որով փոփոխություն է կատարվել Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից սահմանված ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրում, կայացվել է ՀՀ քաղաքացիական օրենսդրության դրույթների խախտմամբ՝ միակողմանի, առանց իրավահարաբերության մյուս կողմի՝ Բանկի համաձայնության, և, ըստ էության, հակասում է Որոշման սկզբնական բովանդակության դրույթներին:
Նշենք, որ խնդրո առարկա հարցով հաճախորդների կողմից Բանկին հասցեագրվել է թվով ութ գրավոր դիմում /ընդ որում, սույն հարցի վերաբերյալ բանկին վերջին անգամ դիմում է ներկայացվել 2024թ. հոկտեմբերին/: Հետագայում դիմումատուները իրենց բողոքներով դիմել են Ֆինանսական համակարգի հաշտարարին, և հաշտարարի կողմից բողոքների քննության արդյունքում, հաշվի
առնելով և ընդունելով Բանկի ներկայացրած դիրքորոշումն ու հիմնավորումները, հաստատվել է Բանկի գործողությունների իրավաչափությունը, ինչի հիմքով հաճախորդների ներկայացրած բողոքները մերժվել են:
Մասնավորապես, ֆինանսական համակարգի հաշտարարը իր որոշումներում ընդգծել է, որ ԱՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 30-ի N 31-Ն որոշման ընդունմամբ խախտվել է
քաղաքացիական իրավահարաբերերության մասնակիցների հավասարության սկզբունքը, որոշումը կայացվել է առանց պարտավորության մյուս կողմի համաձայնության, ուստի կատարված փոփոխությունները չեն կարող իրավական հետևանքներ առաջացնել:
Բացի դրանից, հաշվի առնելով, որ Բանկը գործում է իրավական պետությունում, ունի վերահսկող մարմին, երկրում առկա են դատական պաշտպանության համակարգեր, հարց է առաջանում, ինչու ենթադրյալ խախտումների կամ խնդիրների առկայության պայմաններում այդ հարցերը չեն ներկայացվում իրավասու մարմիններին՝ համապատասխան լուծում ստանալու նպատակով, փոխարենը դրանք հրապարակային տարածում են գտնում: Նման վարքագիծը կարող է հիմնավոր կասկած առաջացնել, որ տվյալ հրապարակումների նպատակը Բանկի նկատմամբ հանրային բացասական
վերաբերմունքի ձևավորումն է: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ Բանկին հասցեագրված գրությամբ բարձրացված հարցերի վերաբերյալ պատասխան ներկայացնելու ժամկետը դեռևս չլրացած, Բանկի կողմից պատասխանի տրամադրմանը սպասելու փոխարեն, այդ հարցերի վերաբերյալ տեղեկատվական հրապարակումներ են իրականացվել: Եվ դա այն պարագայում, որ հրապարակումն իրականացնող անձինք պետք է որ տեղեկացված լինեին ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կայացված որոշումների մասին: Ավելին, Բանկի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում վերջիններս ևս պատշաճ ձևով տեղեկացվել են նշված որոշումների բովանդակության, դրանցից բխող իրավական հետևանքների վերաբերյալ: Դրանից հետո Բանկին դարձյալ նույնաբովանդակ՝ «ինչու Բանկը չի իրականացնում ավանդների վերադարձման գործընթացը», հարցադրումներով գրություն ներկայացնելը մեզ համար անհասկանալի
է և որոշ չափով՝ նաև զավեշտալի, հատկապես այն պայմաններում, որ ավանդների վերադարձման պահանջով, ինչպես արդեն նշել ենք, Բանկին վերջին անգամ դիմել են մոտ երկու տարի առաջ:
Ի լրումն ցանկանում ենք նշել, որ ԱՀ կառավարության 17.04.2019թ. թիվ 273-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ԱՀ կառավարության 2009թ. թիվ 15-Ն որոշումը և դրանով հաստատված Ծրագիրը, որի համաձայն 2019 թվականի հունվարի մեկից հետո ծնված երեխաների անուններով ԱՀ կառավարության կողմից այլևս Բանկում ավանդներ չեն ներդրվել: Սակայն 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների ծնողները նույնպես դիմել են Բանկ՝ գումարներ ստանալու պահանջով: Բանկը վերջիններիս պարզաբանել է, որ այդ գումարների մասով Բանկը որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն չի կրում: Արդյունքում Բանկին ուղղված բազմաթիվ դիմումներ վերաբերվել են հենց այդ կատեգորիայի երեխաների
անուններով ենթադրյալ ավանդներին: Հնարավոր է այդ նույն անձինք դրանից հետո դիմել են համապատասխան տեղ, որոնք էլ կամ պատասխանատվությունից խուսափելու նպատակով կամ էլ հարցի էությունը ճիշտ չհասկանալու պատճառով սլաքներն ուղղում են դեպի Բանկ:
Ամփոփելով՝ հարկ ենք համարում ընդգծել, որ Բանկն իր գործունեությունն իրականացնում է բացառապես ՀՀ օրենսդրության, իրավական ակտերի և սահմանված կարգավորումների շրջանակներում։ Բանկի համար առաջնային և անփոփոխ արժեք է իր հաճախորդների շահերի պաշտպանությունը, և այդ հարցում բանկը առաջնորդվում է ոչ թե առանձին անձանց կամ երրորդ կողմերի հայտարարություններով, ենթադրություններով կամ հրապարակումներով, այլ բացառապես օրենքով սահմանված պահանջներով, փաստական հանգամանքներով և իր հաճախորդների նկատմամբ
ստանձնած պարտավորություններով։
Վերոգրյալի համատեքստում, երբ հրապարակումներում ներկայացվում են չճշտված, ոչ ամբողջական կամ փաստական հիմք չունեցող տեղեկություններ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ բանկի գործարար համբավի և հանրության շրջանում դրա նկատմամբ վստահության վրա, մեզ մոտ հիմնավոր կասկած է առաջանում նման հրապարակումների իրական նպատակի և դրանց հրապարակման շարժառիթների վերաբերյալ» ։
Աղբյուր՝ 24News.am
