Մոսկվայում բենզինի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

Մոսկվայում կրկին սահմանափակումներ են մտցվել ավտոմոբիլային բենզինի վաճառքի համար: Վաճառքի սահմանաքանակները գործում են Ռուսաստանի մայրաքաղաքի ավտոլցակայանների առնվազն երկու ցանցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԲԿ պարբերականը։
«Գազպրոմ նեֆտ»-ի թեժ գծից հրատարակությանը տեղեկացրել են, որ աճող պահանջարկի պատճառով յուրաքանչյուր բաքի համար տրամադրում են մինչև 40 լիտր բենզին: Ավելի ուշ ընկերությունը ՌԲԿ-ին հայտնել է, որ դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ չկան, իսկ բենզինի սահմանաքանակը կազմում է 60 լիտր:
Իսկ «Տատնեֆտ» ավտոլցակայանների ցանցում հայտնել են, որ մեկ անձին վաճառում են ոչ ավելի, քան 50 լիտր բենզին և 60 լիտր դիզելային վառելիք:
«Նեֆտմագիստրալ» ընկերությունը տեղեկացրել է Մոսկվայում AI-95՝ պրեմիում դասի բենզինի անբավարարության մասին: Ընկերության թեժ գծից հայտնել են, որ օգոստոսի 18-ի երեկոյան նման բենզին եղել է միայն մեկ մայրաքաղաքային կայանում:
Վառելիքի դեֆիցիտն առաջացել է Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա անօդաչուների գրոհների հետևանքով: Նավթամշակման գործարաններին հասցված հարվածների և հրդեհների պատճառով գործարանները ստիպված կրճատել կամ լիովին դադարեցրել են արտադրությունը:
Աղբյուր՝ 24News.am
