Արթուր Ավանեսյանի (Կանդազ) գործով մեղադրյալը հայտարարել է, որ իրեն հարցաքննել են առանց փաստաբանի

Արթուր Ավանեսյանի (Կանդազ) գործով մեղադրյալը հայտարարել է, որ իրեն հարցաքննել են առանց փաստաբանի

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ շարունակվեց Արթուր Ավանեսյանի (Կանդազ) գործով դատական նիստը:

Հարցաքննվեց գործով անցնող մեղադրյալ Գեղամ Զաքարյանը, որը երկար տարիներ եղել է ՊԲ զինծառայող:

«Հեռուստացույցով տեսել եմ, որ Արթուր Ավանեսյանը միացել է «Ուժեղ Հայաստան»-ին, ուրախացել եմ, զանգել եմ իրեն շնորհավորել եմ: Ցանկանում էի օգտվել 300 000 աշխատատեղից, որովհետև իմ վիճակը ծայրահեղ ծանր է»,-ասաց նա:

Անդրադառնալով վարույթում առկա իր և Արթուր Ավանեսյանի հեռախոսազրույցին, ասաց, որ միայն աջակցելու նպատակ է ունեցել Ավանեսյանին:

Հարցին, թե արդյոք եղե՞լ է, որ իրեն ասեն` ընտրեք մեզ, այս-այս բաները կանենք ձեզ համար, վկան ասաց` չի եղել:

Գործով անցնող Գեղամ Զաքարյանն ասաց, որ, եթե նույնիսկ այդ հեռախոսազանգը չլիներ, ինքը միևնույն է սատարելու էր Արթուր Ավանեսյանին:

«Եթե գիտեիք, որ պետությունը բնակապահովման ծրագիր ունի, ինչո՞ւ էիք ցանկանում «Ուժեղ Հայաստանին» սատարել այդ նպատակով»,- հարցրեց հանրային մեղադրողը:

Գեղամ Զաքարյանն ասաց, որ իր ենթադրությունն է եղել, որ գուցե ավելի մատչելի պայմաններով հնարավոր լինի բնակարան ձեռք բերել:

Հանրային մեղադրողը հարցրեց, թե ինչու՞ Արթուր Ավանեսյանի հետ խոսակցության ժամանակ նա ծրագրից որևէ հարց չի տվել, մեղադրյալն ասաց, որ չգիտի:

Հանրային մեղադրողի հարցին ի պատասխան Գեղամ Զաքարյանն ասաց, որ քննիչը թույլ չի տվել, որ փաստաբան ներգրավվի և առանց փաստաբանի իրեն հարցաքննել են ու ինքը այդ հարցաքննությունից ոչինչ չի հիշում, քանի որ լարված իրավիճակում է եղել:

«Ես մտածել եմ, որ ձայն տամ, իրենք կանցնեն, մի օր էլ լավ կլինի արցախցիների համար»,-ասաց մեղադրյալ Գեղամ Զաքարյանը:

Դատական նիստն ավարտվեց, դատավորը հայտարարեց, որ դատարանը ևս հարցեր ունի և հարցաքննությունը շարունակվելու է հաջորդ դատական նիստին:

Աղբյուր՝ 24News.am