Գործող կառավարիչները պայքարում են արտաքին թշնամուն ծնկի բերած ազգային գործիչների և ինստիտուտների դեմ

Գործող կառավարիչները պայքարում են արտաքին թշնամուն ծնկի բերած ազգային գործիչների և ինստիտուտների դեմ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ապագա անաչառ պատմաբանը գրելու է, որ 2016-ի ապրիլին հայ ժողովուրդը նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ ձախողեց Ադրբեջանի հակահայկական ծրագրերը։

Յուրաքանչյուր ժողովրդի պատմությունը հաղթանակների եւ պարտությունների, վերելքների եւ վայրէջքների, ինքնազոհության եւ դավաճանության ժամանակագրություն է:

Աշխարհում իրենց արժանի տեղն են գրավում այն հասարակությունները, որոնք դասեր են քաղում սեփական պատմությունից, հնարավորինս խուսափում են անցյալի ճակատագրական սխաները կրկնելուց, գնահատում են սեփական պատմությունը՝ ինքնաքննությամբ եւ առաջ նայելով, եւ ամենակարեւորը, սերունդներին չեն փոխանցում կեղծված պատմություն:

Ժողովրդի ինքնակազմակերպման բարձրագույն ձեւաչափը պետականության առկայությունն է:

Հայոց պետականությունը հզորացել է, երբ առաջնային է եղել ազգային միասնականության գիտակցումը եւ կործանվել է հիմնականում երկպառակությունից:

Միշտ չէ, որ մենք կորցրել ենք պետականությունը միայն օտարների պատճառով եւ միջամտությամբ:

Գրեթե բոլոր դեպքերում պատմությունն արձանագրել է, որ մենք ինքներս ենք օժանդակել պետականության թուլացմանն անառողջ եսակենտրոնության ու սեփական շահը համապետականից վեր դասելու պատճառով։

Պետականության թուլացմանը նպաստել են նաեւ տվյալ ժամանակաշրջանի ղեկավարի օտարապաշտությունն ու խոշոր խաղացողների շահերի ձեռքում գործիք դառնալը։

Այսպես, Արտաշեսյան թագավորությունը /Ք. Ա, 189- 1թ. / դադարեց իր գոությունը, երբ արքունական էլիտան թագուհի Էրատոյի գլխավորությամբ հրաժարվեց գահից՝ վերջ դնելով Արտաշեսյան դինաստիային:

Արշակունիների թագավորության / 66-428 թթ./ առնվազն վերջին հարյուրամյակը երկպառակության պայքար է՝ արքունական եւ իշխանական տների միջեւ, որի արդունքում հայոց իշխանները հասան վերջին արքայի՝ Արտաշես Արշակունու գահընկեցությանը՝ գերադասելով օտարի տիրապետությունը:

Դժբախտաբար , Ամենայն Հայոց կաթողկոս Սահակ Պարթեւի միասնականության ու ամեն գնով ազգային պետականութունը պահպանելու հորդորն ,ուղղված աշխարհիկ կառավարիչներին, մնաց որպես «ձայն բարբառո հանապատի»:

Այս իրադարձություններին է նվիրված Պատմահայր Խորենացու «Ողբը», որից հետագայում էլ դասեր չքաղվեց:

Պառակտման մասին է վկայում նաեւ Բագրատունյաց Հայաստանում /885-1045թթ./ պայքարը Արծրունի եւ Բագրատունի իշխանական տների միջեւ։

Գործը հասել էր նրան,որ Գագիկ Արծրունին դաշինք կազմեց արաբների հետ ընդդեմ Սբմատ 1-ին Բագրատունի արքայի,որն ի դեպ Գագիկի մոր՝ Սոֆյա Բագրատունու եղբայրն էր։Հետագայում պառակտումն ավելի սրվեց պետականամետների՝ սպարապետ Վահրամ Պահլավունու առաջնորդությամբ եւ բյուզանդամետ արծաթասեր Վեստ Սարգիս Սյունեցու եւ նրա կողմնակիցների միջեւ, ինչը դժբախտաբար ավարտվեց դավաճանների հաղթանակով եւ 1045-ին Անիի անկումով։

Արդյունքում մայրաքաղաք Անիի բանալիները հանձնվեցին Բյուզանդիային:

Նույնիսկ սրանով չավարտվեց անընդհատ կրկնվող պատմության տխուր շրջապտույտը:

Հայկական բարձրավանդակից անդին՝ հայ ժողովուրդը ստեղծեց նոր պետականություն Կիլիկիայում / 1080-1375թթ./, որն իր գոյության եզրափակիչ փուլում բզկտվեց ոչ միայն աշխարհիկ իշխանության, այլ նաեւ հոգեւոր իշխանության պառակտումով:

Կիլիկյան Հայկական թագավորությունում ճակատագրական ջրբաժանն ունիթորների /կաթոլիկ եկեղեցու հետ միության՝ ունիայի կողմնակիցների / եւ հակաունիթորների բախումն էր/14-րդ դար/:

Հետեւանքը դարձյալ նույնն էր՝ պետականության կորուստ/1375թ./:

Եթե պատմական այս սխալները նորագույն ժամանակաշրջանում ապրող ՀՀ քաղաքացիներիս համար կարող են հեռավոր լեգենդի պես բան թվալ, ապա նշեմ, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում վերջին տարիներին, շատերիս հիշեցնում է նախորդ դարի 20-ականների տխրահռչակ քաղաքական իրադարձությունները։

Տեսեք՝ 1918թ. Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում հերոսական հաղթանակ տված ժողովուրդն ընդամենը 2,5 տարի անց բոլշեւիկների ապազգային թեւի պետականաքանդ քարոզչության արդյունքում, թե «թուրքը այլեւս թշնամի չէ», առանց մի կրակոցի համակերպվեց հանձնել Կարսի անառիկ բերդը:

Բայց Հայաստանի հեղափոխական իշխանության մեղքերը սրանով չսահմանափակվեցին. գլխատվեց հայկական զինուժը՝ բանտարկվեցին 1918-ի մայիսյան հերոսամարտերի փառապանծ գեներալներ՝ Թովմաս Նազարբեկյանը,Դանիել Բեկ-Փիրումյանը, Մովսես Սիլիկյանը եւ 1400 սպաներ, իսկ Սիմոն Վրացյանը, Գարեգին Նժդեհը եւ Առաջին Հանրապետության ղեկավար կազմի մի մասը ստիպված էին հեռանալ հայրենիքից:

Չե՞ք կարծում, որ պատմական համընկնումները չափից շատ են:

Եթե բոլշեւիկները մերժեցին ու բանտ նետեցին 1918-ի մայիսյան հաղթանակների հերոսներին, ապա այսօր՝ գործող ռեժիմը կասկածի տակ դրեց Ապրիլյան հաղթանակը եւ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ լուռ հետեւոլով Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի հայ բնակչության էթնիկ զտմանը։

2016-ի ապրիլին հայ ժողովուրդը , ՀՀ-ն ու Արցախը թույլ չտվեցին Ադրբեջանին հասնելու իր նպատակներին։

Նախագահ եւ գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ձախողվեցին Ադրբեջանի ղեկավարության ծրագրերն եւ մարտի դաշտում,եւ՝ բանակցությունների սեղանին։

Ադրբեջանին չհաջողվեց մարտի դաշտում ճեղքել պաշտպանական գիծը,նրանք չկարողացան գրավել որեւէ բնակավայր։

Ու դա թույլ չտվեցին հայ զինվորը,սպան ու ժողովուրդը ՝ գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Ինչպես նշել է 2016-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ Յուրի Խաչատուրովը. «Ադրբեջանը ստիպված էր դիմել Մոսկվային՝ միջնորդել մեզ զինադադար հաստատել»։

Ադրբեջանը 2016-ին ձախողվեց ու չհասավ իր նպատակին նաեւ բանակցությունների ժամանակ։

Նրանց նպատակը կնքելու նոր զինադադար տապալվեց, քանի որ հայկական կողմը նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ հստակ նշել էր, որ ուժի մեջ է 1994-ի եռակողմ զինադադարը եւ որեւէ նոր պայմանների մասին խոսք լինել չի կարող։

Իսկ 2016-ի մայիսին եւ հունիսին ՀՀ-ի դիվանագիտական ջանքեի շնորհիվ ընդունվեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները։

Բայց ներկա կառավարիչների թիմը զրոյին հավասարեցրեց հաղթանակած ղեկավարների, գեներալների եւ սպաների դերակատարումը ,անխնա վարկաբեկելով վերջիններիս:

Նույնիսկ Ադրբեջանի ղեկավարն է 2020-ին եւ 2021-ին արձանագրել , որ «30 տարի Ադրբեջանը պարտված է եղել բոլոր միջազգային հարթակներում»։

Իսկ 2016-ին Հայաստանում գտնվեցին շրջանակներ,որոնք ապրիլյան մարտական գործողություններն անամոթաբար պարտություն էին համարում։

Երբ հաղթանակը պարտություն ես համարում,իրական պարտությունն ու կապիտուլյացիան իրենց երկար սպասեցնել չեն տալիս։ Արդյունքում 2020-ից սկսած արձանագրեցինք պարտությունը պարտության հետեւից։

Այսօր արդեն գործող կառավարիչները պայքարում են ոչ թե Հայաստանի սպառնալիք Ադրբեջանի ու Թուրքիայի հակահայկական օրակարգի դեմ, այլ ոչ վաղ անցյալում արտաքին թշնամուն ծնկի բերած ազգային գործիչների ու ինստիտուտների դեմ։

Պատմական այս փաստերը ներկայացնելու նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ մեր հայրենիքը շենացնողն էլ, քանդողն ել՝ մենք ենք։

Հ.Գ. Միեւնույն ժողովուրդը, բանակը՝ նայած իր ղեկավարներին,կարող է եւ հրաշագործություններ կատարել, եւ՝ խայտառակորեն ծունկի գալ հակառակորդի առաջ»։

Աղբյուր՝ 24News.am