Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ երթուղու շուրջ

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ երթուղու շուրջ

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ Թեհրանի և Մասկատի բանակցություններում առաջընթաց է գրանցվել, իսկ խորհրդակցություններն անցնում են «դրական և կառուցողական» մթնոլորտում։

Բաղայիի խոսքով՝ Իրանն ու Օմանը համաձայնության են եկել նեղուցով ծովային նավագնացության երթուղիները սահմանող քարտեզի շուրջ։ Միաժամանակ կողմերը դեռևս քննարկում են համատեղ հայտարարության հետ կապված տեխնիկական հարցերը։

Իրանի ԱԳՆ խոսնակը նաև մեղադրել է Վաշինգտոնին բանակցային գործընթացին խոչընդոտելու մեջ։

Բանակցությունները շարունակվում են Հորմուզի նեղուցի շուրջ պահպանվող լարվածության պայմաններում։ Թեհրանը նախկինում հայտարարել էր, որ ռազմավարական ջրային ճանապարհի ամբողջական բացումը կախված է ԱՄՆ-ի կողմից իր ներկայացրած մի շարք պայմանների կատարումից։

Իրանի ԱԳ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին օգոստոսի 5-ին հայտնել էր, որ Օմանի հետ բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ, և քննարկվում է ժամանակավոր երթուղու ստեղծումը, որը կարող է գործել երկու-չորս ամիս։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նույնպես հայտարարել էր, որ Թեհրանն ու Մասկատը մոտ են նավագնացության նոր կարգի վերաբերյալ համաձայնության հասնելուն, սակայն Հորմուզի նեղուցի բացումը կախված կլինի Վաշինգտոնի կողմից Իրանի մյուս պայմանների կատարումից։

Հորմուզի նեղուցը էներգակիրների փոխադրման աշխարհի կարևորագույն երթուղիներից է, ուստի դրա նավագնացության շուրջ զարգացումները կարևոր նշանակություն ունեն միջազգային շուկաների և գլոբալ էներգետիկ անվտանգության համար։

Աղբյուր՝ 24News.am