Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը դատապարտել է երկրի հարավային շրջանների ուղղությամբ Իսրայելի շարունակվող հարձակումները, ինչպես նաև շրջանակային համաձայնագրի՝ Իսրայելի կողմից թույլ տրված բազմակի խախտումները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հանրապետության նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունը դատապարտել է երկրի հարավում գտնվող տարածքների՝ մասնավորապես Նաբաթիե քաղաքի և դրա շրջակայքի ուղղությամբ Իսրայելի շարունակվող հարձակումները, ինչպես նաև շրջանակային համաձայնագրի, ռազմական համակարգման խմբի գործունեության և քաղաքացիական անձանց պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերի բազմակի խախտումները», – նշված է նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Լիբանանի նախագահը նաև մատնանշել է Անսար գյուղին հասցված հարվածը, որի հետևանքով զոհվել է մի ամբողջ ընտանիք։ Նա նշել է, որ իսրայելական հարվածները վտանգի տակ են դնում բանակցային ընթացիկ գործընթացը և շրջանակային համաձայնագրի իրականացմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը։
Աղբյուր՝ 24News.am
