Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք․ ՊՆ

ՀՀ զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում, «Արմենպրես»-ին ասել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ մահվան դեպքերը պետք է դիտարկել ծառայության հետ կապված և ծառայության հետ չկապված հանգամանքների համատեքստում։
Մամուլի քարտուղարը պնդել է նաև, թե բանակում մահվան դեպքերի աճի մասին խոսակցությունները ՊՆ-ի ունեցած վիճակագրությամբ չեն հիմնավորվում։
«Եթե խոսում ենք այս տարվա հաշվետու ժամանակահատվածի մասին, ապա այս տարի ունեցել ենք մահվան 11 դեպք, որից միայն 5-ն են ժամկետային զինծառայողներ։ Ունեցել ենք մահվան դեպքեր հիվանդության հետևանքով, ականի պայթյունի հետևանքով, իսկ այս տարի տեղի ունեցած ինքնասպանությունների դեպքերի մասով պետք է նշեմ, որ դրանցից միայն 3-ն են, այսպես ասած, ծառայության հետ առնչվող հանգամանքներում տեղի ունեցել»,- ասել է Թորոսյանը։
Նրա խոսքով՝ ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքերի մասով նախնական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ դրանց մի մասը կապված է անձնական և այլ պատճառների հետ, որոնք ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների հետևանքով չեն։
Աղբյուր՝ 24News.am
