Կուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են մեր երկրին. ՌԴ ԱԳՆ

Կուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են մեր երկրին. ՌԴ ԱԳՆ

ՌԴ նախագահի՝ Վլադիմիր Պուտինի կողմից Իտուրուպ կղզի կատարած այցին վերաբերող Ճապոնիայի ղեկավարության հայտարարությունները ծայրաստիճան վրդովեցուցիչ և բացարձակապես անընդունելի են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Օգոստոսի 13-ին Ճապոնիայի վարչապետ Ս. Տակաիչիի և արտաքին գործերի նախարար Տ. Մոտեգիի հայտարարությունները, որոնք վերաբերում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի՝ Իտուրուպ կղզի կատարած այցին, որը, ինչպես և ամբողջ Կուրիլյան կղզիները, օրինական հիմքերով մեր երկրի անբաժանելի մասն է, ծայրաստիճան վրդովմունք են առաջացնում և բացարձակապես անընդունելի են։ Ճապոնիայի բարձրաստիճան պաշտոնյաներն անգամ իրենց թույլ են տալիս Մոսկվային լկտիաբար ցուցումներ տալ, թե իր երկրի որ տարածաշրջաններ կարող է կամ չի կարող այցելել երկրի բարձրագույն ղեկավարը», — ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

«Մենք կտրականապես մերժում ենք հիշյալ պնդումները՝ որպես քաղաքականապես անտեղի, վիրավորական և, իհարկե, իրավական առումով զրոյական ուժ ունեցող։ Ճապոնիայի ղեկավարության ներկայիս հարձակումները Ռուսաստանի հասցեին ևս մեկ վկայություն են պաշտոնական Տոկիոյի անհեռատես քաղաքականության, որը ընտրություն է կատարել հօգուտ հակառուսական՝ թշնամականին սահմանակից կուրսի», — նշվում է հաղորդագրության մեջ։

«Հարավային Կուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով անցել են մեր երկրին, ինչը ամրագրվել է դաշնակից տերությունների պայմանավորվածություններով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Ռուսաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը դրանց նկատմամբ կասկածի ենթակա չեն», — ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչի խոսքով՝ հակառուսական պատժամիջոցներին միանալով և Կիևին աջակցելով՝ Ճապոնիան քայքայում է ռուս-ճապոնական հարաբերությունները, «որոնք նախորդ տասնամյակների ընթացքում մեծ դժվարությամբ կառուցվել էին ռուսական կողմի և ճապոնացի պատասխանատու քաղաքական առաջնորդների ջանքերով»։

ՌԴ ԱԳՆ-ն նաև հայտարարում է, որ «գրեթե 81 տարի անց այն բանից հետո, երբ Ճապոնիան 1945 թվականի սեպտեմբերին ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտը, Տոկիոն կրկին տարված է ռևիզիոնիստական նարատիվներով, որոնք ենթադրում են Ասիայում նրա ագրեսիայի արդարացում և Ռուսաստանի նկատմամբ անհեթեթ պահանջների առաջադրում»։

«Ակնհայտ է, որ նման անհեռատես քաղաքականությունը հակասում է տարածաշրջանի պետությունների մեծամասնության՝ խաղաղության, անվտանգության և համագործակցության ապահովմանն ուղղված ջանքերին և դրանով իսկ լուրջ ռիսկեր է ստեղծում Ճապոնիայի ժողովրդի համար», — ասվում է հայտարարության մեջ։

Աղբյուր՝ 24News.am