Ճապոնիան բողոք է հայտնել Կուրիլյան կղզիներ Պուտինի այցելության առնչությամբ

Ճապոնիան բողոք է հայտնել Կուրիլյան կղզիներ Պուտինի այցելության առնչությամբ

Ճապոնիան իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օգոստոսի 13-ին Կուրիլյան կղզիներ, մասնավորապես Իտուրուպ կղզի այցելելու առնչությամբ, քանի որ այն ճապոնական կողմն իր տարածքն է համարում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին հայտարարել է, որ այդ կղզիները «ինչպես պատմականորեն, այնպես էլ միջազգային իրավունքի համաձայն, Ճապոնիայի անբաժանելի տարածքն են, և Ճապոնիայի կառավարությունը խստորեն բողոքում է այս այցի դեմ»։

Ռուսաստանի պետական լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ Պուտինն այցելել է Իտուրուպ կղզի, որը Ճապոնիայում հայտնի է որպես Էտորոֆու։ Այն Կուրիլյան շղթայի չորս կղզիներից մեկն է, որոնց նկատմամբ տարածքային հավակնություններ ունեն ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ճապոնիան։

Կողմերը տասնամյակներ շարունակ տարածքային վեճի մեջ են Կուրիլյան կղզիների շուրջ, և հենց այս հարցն է հիմնական պատճառը, որ Մոսկվան և Տոկիոն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության պայմանագիր չեն ստորագրել։

Կուրիլյան կղզիները տեղակայված են Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդո կղզու և Ռուսաստանի Կամչատկա թերակղզու միջև։ Կղզեխմբի չորս ամենահարավային կղզիների նկատմամբ հավակնություններ ունի Ճապոնիան, որը դրանք անվանում է «Հյուսիսային տարածքներ»։

Կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գտնվում են Ռուսաստանի վարչական վերահսկողության ներքո։

Աղբյուր՝ Hayastan.news