Վենսի խնդրանքից հետո Ուկրաինան դադարեցրել է Նովոռոսիյսկի նավթատարների ուղղությամբ հարձակումները․ FT

Վենսի խնդրանքից հետո Ուկրաինան դադարեցրել է Նովոռոսիյսկի նավթատարների ուղղությամբ հարձակումները․ FT

Ուկրաինան դադարեցրել է Նովոռոսիյսկի նավահանգիստն օգտագործող նավթատար տանկերների ուղղությամբ անօդաչուներով հարձակումները՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խնդրանքից հետո, գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

ԱՄՆ իշխանություններին մտահոգել էր ուկրաինական հարձակումների հետևանքով ամերիկյան ընկերություններին հասցվող վնասը։

Ամերիկյան էներգետիկ խոշոր ընկերություններ Chevron-ը և ExxonMobil-ը բաժնեմասեր ունեն Ղազախստանի նավթի արտահանման հիմնական երթուղում՝ Կասպյան խողովակաշարային կոնսորցիումում (CPC), որի միջոցով նավթը Ղազախստանից տեղափոխվում է Նովոռոսիյսկի նավահանգիստ։ Ընկերությունները բաժնեմասեր ունեն նաև այդ համակարգը սպասարկող՝ Ղազախստանի արևմտյան հատվածում գտնվող նավթահանքերում։ Chevron-ին պատկանում է երկրի խոշորագույն՝ Թենգիզի նավթահանքի 50%-ը, իսկ ExxonMobil-ին՝ 25%-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ Վենսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը տեղի է ունեցել հուլիսի 31-ին։ Նրանք պայմանավորվել են, որ Կիևը չի հարվածի Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի ենթակառուցվածքներին, ինչպես նաև Ռուսաստանին չպատկանող նավերին, եթե դրանք չեն գտնվում ուկրաինական պատժամիջոցների տակ և չեն տեղափոխում ռուսական նավթ կամ այլ ռուսական բեռներ։

Financial Times-ի փոխանցմամբ՝ դրանից հետո Կիևը Նովոռոսիյսկի մերձակայքում գտնվող նավերի ուղղությամբ հարձակումներ չի իրականացրել։

«Մենք շատ ուշադիր ենք լսում մեր ամերիկացի գործընկերներին», — FT-ին հայտնել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ ԱՄՆ-ի խնդրանքով Ուկրաինան ստեղծել է անհրաժեշտ «մեխանիզմները»։

Ամերիկացի պաշտոնյան հաստատել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային նախազգուշացրել է Սև ծովում ոչ ռուսական նավերի և Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի ենթակառուցվածքների ուղղությամբ հարձակումները դադարեցնելու անհրաժեշտության մասին։

«Թրամփի վարչակազմը Կասպյան խողովակաշարային կոնսորցիումը դիտարկում է որպես ղազախական ծագման էներգակիրների՝ եվրոպական շուկաներ մատակարարման կենսական նշանակության ուղի, որը այլընտրանք է ռուսական էներգակիրների մատակարարումներին», — ասել է նա՝ հավելելով, որ Կիևը հաստատել է նման հարձակումներից զերծ մնալու իր պարտավորությունը։

Ուկրաինայի դիրքորոշմանը ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Կիևը համաձայնել է ԱՄՆ-ի պահանջին՝ ակնկալելով Patriot հակահրթիռային համակարգերի համար հրթիռ-կալանիչներ արտադրելու լիցենզիա ստանալ և մինչև ձմեռ դրանցից մի քանի հարյուր հատ ձեռք բերել։

Հուլիսի 31-ին Վենսի հետ զրույցում Զելենսկին Patriot համակարգերն ու հակաօդային պաշտպանությունը անվանել էր «գլխավոր առաջնահերթություն»։

Աղբյուր՝ 24News.am