Ֆլիկը՝ Բարսելոնայի նորամուտի խաղերի, Արաուխոյի հեռանալու և Ռաֆինյայի դերի մասին

Ֆլիկը՝ Բարսելոնայի նորամուտի խաղերի, Արաուխոյի հեռանալու և Ռաֆինյայի դերի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ամփոփել է թիմի նախամրցաշրջանային առաջին ստուգողական հանդիպումները և խոսել խաղացողների մարզավիճակի ու կադրային փոփոխությունների մասին:

Շաբաթ օրը կատալոնացիները մեկ երեկոյի ընթացքում միանգամից երկու հանդիպում են անցկացրել. յուրաքանչյուր խաղում անցկացվել է մեկական խաղակես։ Անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթին» «կապտանռնագույնները» հաղթել են 1-0 հաշվով, իսկ իտալական «Ուդինեզեին» զիջել են նույն հաշվով։

«Լավ հանդիպումներ էին ուժեղ մրցակիցների դեմ։ Մենք կարող ենք շատ ավելի լավ խաղալ, բայց վերջնարդյունքում գոհ եմ։ Երեկվա մարզման ժամանակ ինձ այնքան էլ դուր չեկավ թիմի տեսքը, սակայն այսօր ամեն ինչ շատ ավելի լավ անցավ»,- նշել է գերմանացի մասնագետը։

Կատալոնացիների հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին. մրցակիցը շվեյցարական «Բազելն» է։

Անդրադառնալով կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի՝ վարձավճարով անգլիական «Լիվերպուլ» տեղափոխությանը՝ Ֆլիկն անկեղծացել է.

«Արաուխոն լավ ֆուտբոլիստ է և լավ մարդ: Նա շատ արագաշարժ և ֆիզիկապես հզոր պաշտպան է: Ցավոք, մեզ չհաջողվեց նրան ինտեգրել թիմի խաղին այնպես, ինչպես մենք էինք ցանկանում»:

Նշենք, որ գործարքում ներառվել է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների հետգնման հնարավորություն։ Մերսիսայդցիները վարձակալության ժամանակահատվածում ամբողջությամբ կվճարեն ուրուգվայցու աշխատավարձը։

Խոսելով վնասվածքներից ապաքինված ֆուտբոլիստների մասին, որոնց պատճառով երկու ֆուտբոլիստներն էլ չկարողացան լիարժեք դրսևորել իրենց անցած Աշխարհի առաջնությունում, Ֆլիկն ընդգծել է բրազիլացի վինգեր Ռաֆինյայի դերը.

«Ռաֆինյան ինձ համար ամենակարևոր խաղացողներից մեկն է: Նա մեր խաղին էներգիա և ինտենսիվություն է հաղորդում. սա հենց այն է, ինչ մեզ պետք է»:

Մարզիչը նաև զգուշություն է պահանջել մայիսից ի վեր առաջին անգամ խաղադաշտ դուրս եկած Ֆերմին Լոպեսի հարցում.

«Ֆերմինի հետ պետք է զգույշ լինենք: Եթե Ռաֆինյան արդեն 10-12 օր մարզվում է թիմի հետ, ապա Ֆերմինը պարապմունքներին միացել է ընդամենը մի քանի օր առաջ: Ամեն ինչ լավ անցավ. մենք ի սկզբանե որոշել էինք, որ նա կխաղա ուղիղ 45 րոպե»։

Ֆերան Տորեսի հնարավոր հեռանալու մասին

Անդրադառնալով Ֆերան Տորեսի ապագայի շուրջ պտտվող լուրերին՝ Ֆլիկը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը.

«Ֆերա՞նը։ Այս պահին ես կենտրոնացած եմ բացառապես թիմի վրա: Ես հարգում եմ արձակուրդում գտնվող ֆուտբոլիստներին: Ոչինչ չգիտեմ Ֆեռանի տրանսֆերի մասին, ոչ մի նման տեղեկություն չունեմ»։

Տորեսը արձակուրդից պետք է վերադառնա հաջորդ շաբաթ: Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը:

Աղբյուր՝ 24News.am