Պաշտոնյաների գործարար կանայք․ որտեղ են աշխատում, որքան են վաստակում ․ «Հրապարակ»

2018թ. իշխանափոխությունից հետո նորաթուխ իշխանության ամենաշատ քննարկած հարցերի շարքում էր կոռուպցիայի դեմ պայքարը, հովանավորչությունից` խնամի-ծանոթ-բարեկամով աշխատանքի տեղավորվելու համակարգից հրաժարվելը։ Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ նախկին արատավոր երեւույթները նույն թափով ու ծավալով շարունակվում են նաեւ նորերի ժամանակ, եւ այդ պայքարն ընդամենը իմիտացիա է:Մենք ուսումնասիրել ենք պաշտոնական աղբյուրներում հրապարակված տեղեկություններն ու առանձնացրել պաշտոնյաների կանանց զբաղեցրած պաշտոնները, վարձատրությունը։ Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ կառավարության ներկայացուցիչների կանանց վերաբերյալ տեղեկությունները։
Աննա Հակոբյանը, 2018 թվականից սկսած, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենն է։ Դեռ 2018 թվականին շատ քաղաքական գործիչներ ահազանգում էին, որ դա դասական կոռուպցիա է` չի կարող վարչապետի կինը հիմնադրամ ղեկավարել, բիզնեսից հանգանակություններ կատարել, նվիրատվություններ ստանալ եւ հավասար պայմաններում գտնվել այլ հիմնադրամների հետ: Պարզ ասած` տարբեր անձինք այդ նվիրատվություններն անում են միայն այն պատճառով, որ նա վարչապետի կինն է, եւ իրենք դրա արդյունքում կարող են արտոնություններ ու ինդուլգենցիա ստանալ: Եվ որքան էլ այս թեման արծարծվեց, եւ բազում ապացույցներ հետագայում դա հաստատեցին, ՔՊ-ն անդրդվելի մնաց` հիմնադրամը շարունակեց գործել վարչապետի կնոջ տնօրինության ներքո: Նրա նկատմամբ անգամ նախընտրական փուլում բարեգործություն կատարելու վերաբերյալ օրենսդրական արգելքը չտարածվեց:«Իմ քայլը» հիմնադրամից Աննա Հակոբյանը 2025 թվականին 21 մլն 758 հազար 993 դրամ աշխատավարձ է ստացել։ «ԴԱՐԵՍԿԻԶԲ» ՍՊԸ-ից (Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքն է սա) Հակոբյանը ստացել է 3 մլն դրամ աշխատավարձ։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կինը
Աննա Գրիգորյանը պաշտոնապես գրանցված որեւէ աշխատանք չունի, սակայն դա չի խանգարում ունենալ կայուն եկամուտ։ Գրիգորյանն «Արդշինբանկ» ԲԲԸ-ում 500 հազար դոլարի ավանդ ունի, որից նախորդ տարվա ընթացքում 16 հազար 816 դոլար (մոտ 6 մլն 186 հազար դրամ) եկամուտ է ստացել։ Ի դեպ, Գրիգորյանը 2025-ին 18 մլն 642 հազար դրամ գումար է ծախսել՝ անշարժ գույքի վերանորոգման համար։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի կինը
Գոհար Խաչատրյանը եւս պաշտոնապես գրանցված աշխատանք չունի, սակայն 4 ավանդ ունի, որոնց ընդհանուր գումարը կազմում է 31 հազար 500 դոլար։ Ավանդից Գ. Խաչատրյանը 400 հազար դրամ եկամուտ է ստացել։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի կինը
Վարդանուշ Թեւանյանն աշխատում է «ՄԻԲՍ» ՍՊԸ-ում, որպես տնօրեն։ Նա «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնում ունի նաեւ բաժնեմաս, ինչպես նաեւ՝ վարձակալությամբ կենտրոնին գույք է հանձնել։ Թեւանյանը կենտրոնից շուրջ 70 մլն դրամ եկամուտ է ստացել, որից 59 մլն 175 հազար դրամը՝ աշխատավարձ, 5 մլն 400 հազար դրամը՝ գույքի վարձակալության գումար, իսկ 5 մլն 388 հազար դրամը՝ բաժնեմասից ստացված եկամուտ։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանի կինը
Անի Բունիաթյանը մասնագիտությամբ իրավաբան է, աշխատում է «ԼՈՒՍԻՏԵՔ» ընկերությունում։ Որպես աշխատանքի դիմաց ստացած եկամուտ՝ հայտարարագրել է 600 հազար դրամ։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի կինը
Աշխեն Խաչատրյանն աշխատում է «ՄԱՍՏԵՐ ՄԵԴ» ԲԿ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ։ Նախորդ տարվա ընթացքում Խաչատրյանը ստացել է 4 մլն 405 հազար դրամ աշխատավարձ։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը
Գոհար Աբաջյանն աշխատում է «Ներդրումների աջակցման կենտրոն»` «Արմենիա էնթերփրայզիս» հիմնադրամում, որպես ծրագրի մենեջեր, եւ «Էնվիդիա Արմենիա» ընկերությունում։ Աբաջյանի տարեկան եկամուտը կազմել է 28 մլն 320 հազար դրամ, որից 15 մլն 490 հազար դրամը ստացել է հիմնադրամից, իսկ 12 մլն 830 հազար դրամը՝ «Էնվիդիա»-ից։
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի կինը
Աննա Թորոսյանն աշխատում է Երեւանի թիվ 46 ավագ դպրոցում՝ որպես պատմության ուսուցչուհի․ այս մասին տեղեկանում ենք Գեւորգ Պապոյանի՝ ԿԿՀ ներկայացրած հայտարարագրից։ Սակայն Աննա Թորոսյանի հայտարարագրում որեւէ հիշատակում չկա դպրոցում աշխատելու վերաբերյալ, հավանաբար, դեռ գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում։ Թորոսյանը որպես եկամուտ հայտարարագրել է 450 հազար դրամ, որը ստացել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, որպես մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի գումար, 1 մլն 593 հազար դրամ ստացել է որպես գույքի վարձակալության գումար, իսկ 1433 դոլար էլ՝ ավանդի դիմաց։ Նա Ֆասթ բանկում ունի 33 հազար 135 դոլար գումար։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կինը
Արմինե Մուրադյանը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից նախորդ տարի ստացել է 13 մլն 94 հազար դրամ աշխատավարձ։ Եվս 5 մլն 180 հազար դրամ Մուրադյանը ստացել է Միասնական սոցիալական ծառայությունից։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կինը
Ինեսա Ռեւազյանը «Քվադրում» ճարտարապետական գրասենյակից, որպես աշխատանքի դիմաց վարձատրություն, ստացել է 2 մլն 470 հազար դրամ, իսկ «Դրիմ բոքս» ընկերությունից՝ 266 հազար դրամ։
ԲՏԱ նորանշանակ նախարար Դավիթ Թադեւոսյանի, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամների՝ ԿԿՀ ներկայացրած հայտարարագրերը դեռ հասանելի չեն, դրանք կներկայացնենք առաջիկայում։ Այսպիսով ամենամեծ եկամուտը նախորդ տարվա ընթացքում ունեցել է Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թեւանյանը՝ շուրջ 70 մլն դրամ»։
Աղբյուր՝ Hayastan.news
